Հայաստանը երբեք չի հանդիսացել օզոնային շերտը քայքայող. մասնագետ
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 16-ն օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Հայաստանի Հանրապետությունը 1999 թվականից միացել է «Օզոնային շերտի մասին» Վիեննայի կոնվենցիային և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը: Օզոնային շերտի պահպանության նպատակով նաեւ մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել: Հայ մասնագետներն ու միջազգային կազմակերպություններն այս ուղղությամբ Հայաստանի գրանցած արդյունքները բարձր են գնահատում: Ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում Հայաստանը, որոնք են օզոնի շերտն ամենալուրջը վնասող երկրները, ու ինչով է սպառնում այս խնդիրը:
Աշխարհի բնակչության դեմ ծառացած ամենալուրջ սպառնալիքներից մեկի՝ օզոնի շերտի քայքայման գլխավոր մեղավորները հենց ամենազարգացած երկրներն են: «Հայպետհիդրոմետ» ծառայության գլխավոր հելիոֆիզիկոս Դավիթ Մելքոնյանը թվարկում է այդ երկրներից մի քանիսը ու մանրամասնում՝ դրանց զարգացած տնտեսությունում արտադրությունը նաեւ մեծ ծավալով քլոր-ֆտոր-ածխածին է պահանջում, որոնք օզոնի շերտի ամենահզոր քայքայողն են:
«Այդ իմաստով ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ ամենամեծ վտանգն են ներկայացնում»:
Դավիթ Մելքոնյանի մասնագիտական դիտարկումները հուսադրող են՝ Մոնրեալի արձանագրությունը, որին միացել է նաեւ Հայաստանը, տալիս է իր առաջին արդյունքները: Օզոնի բաղադրությունը մթնոլորտում թեեւ դեռ չի հասել այն մակարդակին, որը եղել է մինչ օզոնային շերտի քայքայման գործընթացների սկսումը՝ 1970 թվականը: Բայց այսօր օզոնային շերտը վերականգնման միտում ունի: 2010-ի հունվարի մեկից զարգացած և զարգացող բոլոր երկրներում քլոր-ֆտոր -ածխածնային նյութերի օգտագործումը դադարեցվել է: Դավիթ Մելքոնյանը վիճակը հուսադրող է համարում, սակայն նաեւ մի խնդիր առանձնացնում՝
«Այն երկրները, որտեղ մնացել են նախկինում արտադրված մեծ ծավալներ, երբեմն փորձում են իրացնել տարբեր միամիտ երկրների վրա: Ամենավտանգավորն այս իմաստով Չինաստանն է: Այն այսպիսի տեխնիկայի շատ մեծ պաշար ունի ու հիմա չգիտի ինչ անել դրա հետ»:
Օզոնի շերտը քայքայող նյութերն առավելապես պարունակվում են սառնարաններում ու օդորակիչներում՝ հիմնականում հին արտադրության: Այդ սարքավորումների սերնդափոխությունը տրամաբանական գործընթաց է, հները շարքից աստիճանաբար դուրս են գալիս, նոր ներկրվողն էլ այլեւս չի պարունակում օզոնի շերքը քայքայող նյութեր: Թեեւ դրանից տեխնիկայի գինը որոշակիորեն բարձրանում է, բայց դա էլ հասկանալի է: Բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ղահրամանյանը շեշտում է՝ Հայաստանը երբեք չի հանդիսացել օզոնային շերտը քայքայող: Մենք ներմուծող երկիր ենք, ու եթե խնդիր հարուցում էլ ենք, ապա միայն այն իմաստով, որ ներկրվում են քլոր-ֆտոր-ածխածիններ պարունակող օդորակիչներ ու սառնարաններ: Անցյալ նոյեմբերին կառավարության որոշմամբ ընդհանրապես արգելվեց քլոր- ֆտոր ածխածին պարունակող հին ու նոր սառնարանների ներմուծումը: Թեեւ այսպիսիք այլեւս չեն ներմուծվում, շուկայում դեռ շարունակում են վաճառվել նախկինում ներկրվածները: Իր առջեւ դրված ցուցանիշերին հասնելու համար մեր երկիրը դեռ ունի ժամանակ մինչև 2030 թվականը, բայց փորձում է արագացնել գործընթացը: Որոշ ծրագրերով հին սառնարանները նորով փոխարինելու համար գումարներ են տրամադրվել: Կատարվում են սառնարանային տեխնիկա վերանորոգող վարպետների ուսուցումներ, որպեսզի վտանգավոր նյութերը ճիշտ ձեւով մեկուսացվեն:
«Լավագույն ցուցանիշն այն է, որ այսօր բոլոր երկրներում հարյուր տոկոսով վերացված են քլոր-ֆտոր-ածխածինների արտադրությունն ու գործածությունը»:
Օզոնային շերտը թեև կազմում է մթնոլորտի խտության ընդամենը 1/10000 մասը, սակայն դրա պաշտպանիչ նշանակությունը կենսոլորտի համար անգնահատելի է: Այն կլանում է Արեգակից դեպի Երկիր մոլորակ եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը և որպես վահան պաշտպանում կենդանական և բուսական աշխարհը: