Հասարակություն

Գիտելիքներ, բայց ոչ պրակտիկ կարողություններ. ինչպես բարելավել ուսանող-գործատու կապը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կրթության ոլորտում հավատարմագրման գործառույթը հիմնականում միտված է նրան, որ ուսումնական հաստատությունները, տարբեր շահագրգիռ կողմերից ունենալով բավարարված չլինելու ազդակներ, բարելավեն իրենց գործընթացները: Խնդրին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է  Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: 

Ոսանող-դասախոս-կառավարություն-գործատու. եթե այս շղթայում բոլորը բավարարված լինեն, ապա կնշանակի, որ կա որակյալ կրթություն: Ցավոք, սակայն, այդպիսի ներդաշնակություն ոչ միշտ է հնարավոր: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նկատեց, որ աշխատաշուկան սպասում է, որ շրջանավարտն ունենա որոշակի գործնական հմտություններ՝ ձեռք բերած գիտելիքները կիրառելու համար:

«Այսօր մենք բուհերում տալիս ենք հիմնականում գիտելիքներ, բայց պրակտիկ կարողություններն այդքան էլ նպատակային չեն տրվում: Մեծ մասամբ հույս կա, որ շրջանավարտն իր աշխատավայրում դա կստանա, սակայն, դա այնքան էլ լավ չէ»:

Խնդիր է, որ ուսումնական հաստատությունները ներկայումս կենտրոնացած չեն դրա վրա՝ ասաց բանախոսը: Ավելին, նրա խոսքով, մեր ուսումնական հաստատություններում գնալով պակասում է գործնական աշխատանքը: Սա իր հերթին խաթարում է կրթության որակն ու մրցունակությունը միջազգային առումով: Ավելին՝ արագ փոփոխվող աշխարհում էլ դժվար է հասկանալ, թե տրված գիտելիքները որքանով կլինեն արդիական ու չեն հնանա: Ռուբեն Թոփչյանն այդ իսկ պատճառով, կարծում է, որ ուսանողի մեջ պետք է ավելի շատ դաստիարակել իրեն ձեւավորելու կարողությունները՝ ինչ մեթոդով կրթություն ստանա եւ ինչպես զարգացնի դրանք: Բանախոսն ասաց, թե խնդիր կա նաեւ կառավարման առումով՝ կիրառվում են մեթոդներ, որոնց արդյունավետության մեջ չկա անգամ համոզվածություն: Ինչպես օրինակ՝ կրեդիտային համակարգի դեպքում: Հապճեպ որոշումները կրթական ոլորտում անընդունելի են՝ ասաց Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ղեկավարը:

«Հավատարմագրման գործընթացը հիմնականում միտված է նրան, որ բուհերն իրենք իրենց լավը գնահատելով պահպանեն, իսկ եթե ինչ-որ բան չի հաջողվում, փորձեն փոխել ու ավելի լավը գտնել»:

Վիճակն այն է, ինչ ունենք եւ հենց նման վիճակում պետք է լավը գտնել՝ ասաց բանախոսը՝ չկիսելով տեսակետը,  որ ոլորտում փորձնական մոդելների կրառումը երկարում է: Ի պատասխան մեր հարցադրման Ռուբեն Թոփչյանն անդրադարձավ նաեւ հավատարմագրման գործընթացին: Նա շեշտեց, թե բոլոր բուհերում բավականին ծանր ուսումնասիրություններ են անցկացվել, ապա վստահեցրեց, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չկան, քանի որ մշտապես բուհերի բարելավման ծրագրեր են առաջադրվում, հակառակ դեպքում՝ կստացվեր, որ ամեն ինչ լավ է եւ բարելավման պահանջներ  չէին ներկայացվի: Ես կարծում եմ, որ գործող մեխանիզմենրը թույլ կտան մեզ, որ հեռու մնանք կոռուպցիոն երեւույթներից, գոնե, որոշումների կայացման եւ գնահատման փուլում՝ եզրափակեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button