Պան Կի Մուն. Ժողովրդավարական արժեքները ենթարկվում են փորձությունների
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ը 2007 թվականից նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Այն առիթ է ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակին։
Ժողովրդավարության արժեքները աշխարհում տարբերակված են ընկալվում: Որպես դեմոկրատիա՝ ժողովրդի իշխանություն, այն կարևոր նշանակություն ունի հասարակության կայացման համար: Ինչքանո՞վ են ժողովրդավարական իրավունքները և ազատությունները երաշխավորված ներկայիս իրականության մեջ: Օրվա առթիվ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը խոստովանել է, որ այժմ աշխարհն առավել անհանգիստ է, քան՝ երբևէ: Շատ տեղերում ժողովրդավարական արժեքները ենթարկվում են փորձությունների և հայտնվում են կասկածի ներքո։
Այս առումով մտահոգիչ իրավիճակ է հատկապես Ադրբեջանում, որտեղ իշխում է ավտորիտար վարչակազմը, և Վրաստանում, որտեղ առկա է իշխանության խորը ճգնաժամ:
Բաքվում խստացրել են իրավապաշտպան գործիչների հանդեպ հետապնդումները՝ չսահմափակվելով միայն ձեռբակալություններով: Մասնավորապես՝ հուլիսին կալանավորված իրավպաշտպան Լեյլա Յունուսը բանտախցում ևս ենթարկվում է բռնությունների բանտակցուհու կողմից: Իրավապաշտպանի բողոքները մնում են անպատասխան, կամ նրան են մեղադրում բանտային ռեժիմի խախտման հարցում: Հիշեցնեմ, որ Լեյլա Յունուսը և նրա ամուսին Արիֆը մեղադրվում են հայրենիքի դավաճանության, հարկերից խուսափելու, խարդախության և անօրինական գործարարությամբ զբաղվելու մեջ։
Իսկ ահա Վրաստանում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջև խորացող թշնամանքը կարող է սպառնալ Վրաստանի հեղինակությանը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու երկու գործիչների հավակնությունները ավելի խորացրեցին իշխանական ճգնաժամը: Կառավարության ղեկավարի համառությունը վերջիվերջո ստիպեց նախագահին նահանջել: Բանն այն է, որ, ըստ ընթացակարգի, Նյու Յորք պետք է մեկներ միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյա: Մինչ սահմանադրական փոփոխությունները երկիրը ներկայացնելու առաջնահերթուրթյունը պատկանում էր նախագահին, սակայն այժմ նրա դերակատարությունը նվազել է: Այս հարցում մեծ դեր է խաղացել ոչ միայն Հիմնական օրենքը, այլ նաև իշխող «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հրապարակային դժգոհությունները Գեորգի Մարգվելաշվիլուց:
Այս իրադարձությունների ֆոնին Վրաստանում թափ է առել նախկին իշխանավորների հանդեպ քրեական հետապնդումների արշավը, որի առաջնագծում հայտնվել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այս առումով արդեն իսկ անհանգստություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարությունը։