Քաղաքական

Նախագիծ, որի առնչությամբ ընդդիմությունն ակնկալում է նաեւ ՀՀԿ-ի հետ համերաշխություն

Լենա Բադեյան
«Ռադիոլուր» 

Ամառային արձակուրդից հետո խորհրդարանական ընդդիմությունը աշխատանքի եկել է պատրաստված՝ արդեն պատրաստի մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք հավակնում են դառնալ միասնական նախագիծ: Հատկանշական է, որ կա մի նախագիծ, որի առնչությամբ ընդդիմությունը ակնկալում է նաեւ հանրապետականի հետ համերաշխություն: Հաշվի առնելով, որ անցած նստաշրջանի ընթացքում 160 օրինագիծ դուրս մնաց եւ չքննարկվեց Աժ-ում ընդդիմադիրները պատրաստվում են առաջարկել քառօրյա աշխատանքը դարձնել եռօրյա, բայց աշխատել ավելի ինտենսիվ՝ երկու շաբաթվա հանգիստը փոխարինել մեիկ շաբաթվա հանգստով: Ընդդիմադիրները պատրաստվում են նաեւ առաջարկել խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակել ոչ միայն քառօրյա նիստերը, այլեւ մշտական հանձնաժողովների նիստերը: Այս առաջարկի նպատակն է ցուցադրել  պատգամավորների իրական աշխատանքը,  որ հետագայում որոշ պատգամավորների համար արդարացումներ չլինեն, թե նրանք ակտիվ աշխատում են հանձնաժողովներում: 

Թեեւ նախորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի կողմից ընդունված 143 օրենքից ընդամենը 7 են հեղինակել պատգամավորները, այն էլ՝ Հանրապետական խմբակցությունից, Աժ-ի ընդդիմադիր խմբակցությունները այս նստաշրջանում էլ փորձելու են հանդես գալ իրենց նախագծերով: Անցած փորձից ելնելով աշխատելու են, որ այդ նախաձեռնությունները լինեն միասնական: Օրինակ՝ այդ միջոցով է «Ժառանգություն» խմբակցությունը փորձելու լսելի եւ որ ամենակարեւորն է քննարկելի դարձնել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկությունները: Այս հարցում միասնության նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ ուսումը շարունակելու համար տարեկետում ստանալու իրավունքը: Այս նախագիծը թափառող նախագիծ է եղել գրեթե բոլոր գումարումների ժամանակ: Հիշում եմ, նույնիսկ կար Գերագույն Խորհրդի օրակարգում: Խոսքն այն մասին է, որ իսկապես տարմետումն օգտագործվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար»:

Նախագծի հեղինակների ուսումնասիրությունը պարզել է, որ ասպիրանտուրաներում սովորողների 80-ից 90 տոկոսը տղամարդիկ են եւ նրանցից ընդամենը 5-6 տոկոսն է  հետագայում զբաղվում գիտական գործունեությամբ: Մեկ այլ օրինագիծը ընդդիմադիրների օրակարգում առաջացել է սահմանամերձ տարածքներ այցելություններից հետո, ասում է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ այս հարցում որպես միասնականության մաս դիտակելով նաեւ հանրապետականներին:

«Առաջարկը արդեն ձեւավորվել է՝ սահմանապահ գյուղի օրենսդրական ամրագրում: Մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի, որբոլոր քաղաքական ուժերը, ովքեր այդ այցելության մեջ ընդգրկված են եղել համատեղ այդ քայլը կատռարեն: Մենք ճիշտ ենք համարում, որ քառյակն իր կողմից իր նախագիծը ներկայացնի մյուսների քննարկմանը: Նախագիծն արդեն ըստ էության պատաստ է: Եվ առաջիկայում դրա հետ կապված առաջին քայլերի ականատեսը կլինեք»:

Հասկանալի է, որ պարբերաբար խախտվող հրադարարի պայմաններում այդ բնակավայրերն օրենսդրորեն պետք է ունենան հատուկ կարգավիճակ, արտոնություններ եւ աջակցություն: Եվ այս հարցը, հնարավոր է, լինի այն եզակիներից, որ խորհրդարանում տարաձայնություն չի առաջացնի: Տարաձայնություն անպայման կլինի մեկ այլ նախաձեռնության հետ կապված: Ընդդիմությունը՝ կոնկրետ «Ժառանգությունը «Խորհրդարանական ընդդիմության մասին» նախագծով պահանջելու է ավելի լուրջ վերահսկողական լծակներ ընդդիմության համար:

«Կապ չունի տոկոսային ինչ հարաբերակցություն կունենա խորհրդարանում՝ ընդդիմության օրենքով տրվում են վերահսկիչ լծակներ՝ Վերահսկիչ պալատ դա կլինի, դա կլինի կոռուպցիայի հետ կապված հանձնաժողով, կլինի մենաշնորհների հետ կապված: Ոչ թե ընդդիմության մարդիկ ավելի լավն են, ավելի ազնիվ են, այլ ընդդիմություն ասածը, բնականաբար, պետք է աշխատի վեր հանել իշխանության թերությունները, որովհետեւ ինքը խնդիր ունի, որ գա իշխանության: Եթե վաղը այս նույն Հանրապետականը կդառնա ընդդիմություն, այդ դեպքում Հանրապետականը կլինի այդ լծակների տերը»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button