ԿարևորՎերլուծականՔաղաքական

ՄԻԵԴ- ը Ադրբեջանից պատասխան է պահանջում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 10-ին, Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու տրավունքների եվրոպական դատարան՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով, լրատվամիջոցներին այսօր տեղեկացրել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ ավելացնելով. «Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է և այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»։

Ինչո՞ւ է Բաքուն ձգձգում Ադրբեջանում գերության մեջ սպանված  Կարեն Պետրոսյանի դիակի հանձնումը: ՄԻԵԴ-ը Կարեն Պետրոսյանի ընտանիքի ներկայացրած այս հայցն ընդունել է ու խնդրել Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցով Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգման պատճառների մասին»: ՄԻԵԴ-ը բացատրություններ ներկայացնելու ժամկետ է սահմանել մինչև սեպտեմբերի 26-ը։

Տասնմեկ  օրից թերևս Բաքուն բացատրություններ կներկայացնի ու կհիմնավորի ձգձգման պատճառը, սակայն քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանն միջազգային որևէ ատյանից անաչառ վճռի չի ակնկալում, քանի որ վերջիններն առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությունից։ Նա ունի դին Հայաստանին չհանձնելու իր հիմնավորումները. «Որևէ կասկած չկա, որ Կարենին տանջամահ են արել: Մենք գիտենք հանցագործի անունը։ Դա երրորդ բանակային կորպուսի հրամանատար Ասկերովն է ու, իհարկե, գլխավոր հրամանատարը՝ Ալիևը: Դա քաղաքական սպանություն է եղել և ուրիշ բան դրա տակ փնտրել պետք չէ»։

Եվ ձգձգումը սպանության պատճառները թաքցնելու նպատակ ունի: Բացի դա՝ կա նաև հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակ։ Լևոն Մելիք- Շահնազարյանը համոզված է, որ հակառակորդին ճնշելու միակ միջոցը նրանց հետ նույն լեզվով խոսելն է։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած կտրուկ քայլի, եթե այն ապահովում է մեր քաղաքացու կյանքը: Իմ ասածը բխում է նրանց բնավորությունը լավ ճանաչելուց: Եթե Կարեն Պետրոսյանի սպանությունից հետո նույն գիշերը ոչնչացվեր մեկ երկու հենակետ՝ ասկյարներով լի, դրանից հետո ադրբեջանցիները կմեղադրեին իրենց իշխանություններին։ Դրանից պատերազմ չի սկսվի, քանի որ վստահ են, որ կպարտվեն: Եթե Ադրբեջանում նման վախ չլիներ, վաղուց մեզ վրա կհարձակվեին»։

Հիշեցնեմ՝ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում ու գերեվարվել: Բաքվից համացանցում տարածել էին պատկերներ, թե ինչպես են  քարշ տալով տանում և բիրտ ուժ գործադրում նրա նկատմամբ, որից հետո էլ տեղեկություն տարածվեց թե Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտի անբավարարությունից»։

Ցուցադրել ավելի
Back to top button