ԿարևորՔաղաքական

Իրաքին կհատկացվի «անհրաժեշտ ռազմական օգնություն»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի անդամ- պետությունները որոշել են Իրաքին տրամադրել «անհրաժեշտ ռազմական օգնություն»։ Փարիզում այսօր անցկացված 40 երկրների (10- ը  արաբական պետություններ) ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում ընդունած հայտարարության մեջ հայտարարված է, որ ԻՊ- ի դեմ պայքարն «անհետաձգելի է»։ «Ահաբեկիչների դեմ Իրաքի պայքարը նաեւ մեր պայքարն է։ Մենք պետք է միասին ստանձնենք պատասխանատվություն եւ սրանում է այս համաժողովի նպատակը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Օլանդը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից բրիտանացու գլխատումը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը պետք է միջոցառումներ ձեռնարկի։ Ֆրանսիան նաեւ հայտել է, որ ինքը, ինչպես եւ Մեծ Բրիտանիան, սկսում են ԻՊ- ի դիրքերի վրա հետախուզական թռիչնքները։

Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները հանդես եկավ ծայրահեղական իսլամիստների դեմ լայն կոալիցիա ձևավորելու նախաձեռնությամբ:   Ի՞նչ կանխատեսումներ ունեն վերլուծաբանները, ի՞նչ են ակնակլում կոալիցիայից, ի՞նչ զարգացումներ են հնարավոր համարում  և ի՞նչ սպառնալիքներ են տեսնում մեր տարածաշրջանի համար։   Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր խոսել է այս հարցերի մասին:

Իսլամական պետության զինյալների կողմից Հյուսիսային Կովկասում պատերազմ հրահրելու Ռուսաստանին ուղղված վերջին սպառնալիքը, արաբագետ Արամ Պետրոսյանի գնահատմամբ,  ոչ առաջինն է ու ոչ էլ միակը: Նման սպառնալիքներ ուղղվում  են թե Միացյալ Նահանգներին, թե Արևմտյան Եվրոպայի երկրներին, թե Ռուսաստանին, անգամ հովանավոր պետություններին։ «Սա հստակ գործելաոճ է, որի տրամաբանությունը  հետևյալն է՝ մշտապես ռեյտինգային թեմա ստեղծել թե լրատվամիջոցների համար, թե դիվանագիտական դաշտում»:

Հետաքրքիր է, որ կառույցի վերահսկողության ներքո գոնե ֆորմալ առումով լրատվամիջոցներ չկան, բայց աշխարհը լավ տեղեկացված է թե այս խմբավորման վայրագությունների, թե նրանց ծրագրերի մասին, ասում է արաբագետը: Նման գործելաոճի նպատակներից մեկը, ըստ վերլուծաբանի,  ծայրահեղ գաղափարներ ունեցող մահմեդական երիտասրադներին  գրավելն ու նրանց համար հրապուրիչ դառնալն է, դրանով իսկ  կառույցի շարքերը համալրելը։

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գործում են ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում՝ դրանով իսկ  սպառնալիք դառնալով  ողջ Մերձավոր Արևելքի համար։ Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ն  անխուսափելի է համարում խմբավորմանը գլոբալ և լիրաժեք պատասխանելը , ինչի համար  էլ նախաձեռնել է ընդդեմ ծայրահեղական իսլամիստների կոալիցիայի ձևավորումը: Մոտ 40 երկիր, այդ թվում 10 արաբական, ստորագրել են «Իսլամական պետության» դեմ կոալիցային միանալու հռչակագիրը: Փաստաթղթում նշվում է կոալիցիայի բոլոր մասնակիցների պատրաստակամությունը՝ համատեղ դիմակայելու  ահաբեկչական ակտիվությանը, այդ թվում՝ «Իսլամական պետության» գործողություններին։

Թուրքիան, ի դեպ,  չի ստորագրել Վաշինգտոնի կողմից նախաձեռնված կոալիցիայի ստեղծման մասին  եզրափակիչ փաստաթուղթը: Ավելի վաղ պաշտոնական Անկարան  հայտարարել էր, որ պատրաստ է նպաստել Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետության» դեմ պայքարին, սակայն հրաժարվում  է լինել այդ գործունեության կենտրոնում։

Խոսելով կոալիցիայի մասին՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ իսլամիստական պետությանը հակահարված տալու պատրաստակամությունն առայժմ միայն թղթի վրա է։ «Անգամ Միացյալ Նահանգների կարևորագույն դաշնակիցները՝ մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան,  չեն խոսում ռազմական հարվածներին աջակցելու մասին: Բոլորն էլ ունեն թերահավատություն և վստահություն, որ այս ռազմարշավը երկարատև է լինելու և վերածվելու է պատերազմի»։

Պատասխանելով հարցին, թե  ի՞նչ սպառնալիք են ներկայացնում Հայաստանին այս գործընթացները, արաբագետն առաջին հերթին առանձնացնում է  Իրաքում և Սիրիայում հայ համայնքների անվտանգության հարցը՝ հիշեցնելով, որ հայկական  համայնքը Սիրիայում գրեթե երկու անգամ արդեն կրճատվել է: Մյուս սպառնալիքը մեր հարևանների ներգրավվածությունն է այս գործընթացներում:  Արաբագետը հիշեցնում է, որ  Իրաքում և Սիրիայում կռվող զինյալներ կան թե Ադրբեջանից, թե Վրաստանից, թե Թուրքիայից:

Ղարաբաղյան հակամարտության գոտում  ակտիվ գործողությունների վերսկսման դեպքում չի բացառվում  այդ խմբավորումների  աջակցությունն Ադրբեջանին: Ահաբեկչական խմբավորումը, հտշեցնենք, Իրաքի և Սիրիայի տարածքներում հռչակել է Իսլամական պետության կամ խալիֆայության վերստեղծումը: Պատմության մեջ առաջին անգամ ահաբեկիչներին հաջողվել է հսկայական տարածքներ գրավել, տիրանալ ժամանակակից զենքի մեծ պաշարների  ու զգալի ֆինանսական  միջոցների։ «Սա ինքնաբավ կառույց է, խոսվում է օրական 2-3 մլն դոլար եկամուտի մասին, իսկ ընդհանուր ակտիվները գնահատվում են մինչև 7 մլրդ դոլար»։

Ֆինանսական կողմն էլ հենց գայթակղիչ է դարձնում կառույցը ծայրահեղ իսլամիստների համար: Ահաբեկիչների շարքերը համալրվում են տասնյակ հազարավոր զինյալներով՝ ծնունդով Մերձավոր Արևելքից ու ամբողջ իսլամական աշխարհից:  Զինյալների տարբեր թվաքանակներ են նշվում՟ ամերիկյան գերատեսչությունների հաշվարկով՟ մոտ 30 հազար, կան տվյալներ նաև 80-ից 100 հազար անդամակիցների մասին: Ինչ վերաբերում է այս խմբավորման գործողությունների, այսպես ասենք,  ոճին, ապա դրանք ոչ միայն միջնադարի մոտեցումներն են հիշեցնում, այլ նաև տեղավորվում են նույն  տրամաբանության մեջ՟   հնարավորինս ծայրահեղ միջոցներով հրավիրել աշխարհի ուշադրությունը:

Խոսքը մասնավորապես 3 գլխատումների մասին է: «Ի՞նչ է հնչում այդ տեսանյութերում: Գլխատվողը դիմում է իր երկրի ներկայացուցիչներին՝  նշելով, որ քաղաքականությունը սխալ է ու պետք չէ պայքարել «Իսլամական պետության» դեմ: Պարզ է, որ սա իրավիճակը միայն սրելու, ավելի գրգռելու նպատակ ունի, ինչն էլ հենց խմբավորման գործելաոճն է»,- ասում է արաբագետը։

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button