Տնտեսական

Արցախում առաջին անգամ կհիմնվի էկոգյուղերի ցանց

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Որքանով է իրատեսական Արցախում էկոգյուղերի ցանցի ստեղծման գաղափարը: Նախաձեռնության հեղինակները, ուսումնասիրելով Արցախի Խնձրիստան, Պատարա եւ Ասղաշեն գյուղերի հնարավորությունները, համոզված են, որ իրենց առաջ քաշած գաղափարը միանգամայն իրականանալի է: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, ներկայացնելով Էկոգյուղերի ցանցի հիմնադրման նպատակները, նախաձեռնության անդամները պնդել են, որ հիշյալ համայնքներում հնարավոր է ներդնել էկոգյուղերի ցանցերի մոդելը, որը հետագայում կարող է կիրառվել նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում::

Էկոկրթություն, օրգանական գյուղատնտեսության չափանիշերին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացում, աղբի տեսակավորում եւ վերամշակում, էներգախնայողության խթանում, էկոտուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացում: Սրանք են էկոգյուղի հիմնական չափանիշերը: Էկոգյուղի ցանցի ստեղծման նախաձեռնության համակարգողներից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը համոզված է, որ ԼՂՀ Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշեն գյուղերը ունեն բոլոր հնարավորությունները` էկոգյուղի ցանցի ստեղծման համար:

«Գնահատումից անցել ենք արդեն ավելի գործնական քայլերի: Նախաձեռնությունը համախմբում է արդեն իսկ ավելի քան 20 ՀԿ եւ 70-ից ավելի կամավորներ: Նախաձեռնությունը հասարակական է, բնապահպանական եւ շահույթ, որպես այդպիսին, չի հետապնդում»:

Խոսելով նախաձեռնության ֆինանսավորման հնարավորությունների մասին` Արսեն Գասպարյանը նկատեց, թե միջազգային կազմակերպություններից այս դեպքում ակնկալիքներ չունեն, քանի որ ծրագիրն իրականացվում է Արցախում, հետեւաբար` գաղափարը կյանքի կոչելու համար փորձ է արվելու տեղական եւ սփյուռքյան հովանավորներից միջոցներ հայթայթել:

«Պետք է փորձենք Արցախի գյուղական համայնքներում զարկ տալ կյանքի որակի բարձրացման եւ գյուղացիների համար ստեղծենք պայմաններ, որ մարդիկ մնան այդ համայնքներում եւ չարտագաղթեն: Մեր հիմնական նպատակն է` ապահովել կենսաբազմազանությունը եւ մարդկանց համար ստեղծել այլընտրանքային շահույթի միջոցներ, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն իրենց համայնքներում մեր առաջարկած գործունեությունն իրականացնելու եւ զարգացնելու մեջ»:

Նախաձեռնության առանձին բաղադրիչների նախագծերը պատրաստվում են` իրենց նախահաշիվներուվ: Ամեն ինչ լինելու է բաց եւ ներկայացվելու է հանրությանը` վստահեցնում է երիտասարդ կենսաբանը: Նրա խոսքով` դիմելու են նաեւ տեղական ու սփյուռքյան հիմնադրամներին, բոլոր շահագրգիռ կողմերին: Ծրագրի իրականացման համար, ըստ Արսեն Գասպարյանի, մոտավոր հաշվարկով  80-100 հազար դոլար է անհրաժեշտ: Նոր բաներ չեն կառուցվելու, այլ օգտագործվելու են ընտրված երեք գյուղերում եղած հնարավորությունները: Համայնքներում արդեն կա հետաքրքրություն եւ շահագրգռվածություն` վստահեցրեց նախաձեռնության անդամը:

Նախաձեռնության անդամներից «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ իրենք էկոգյուղերի ցանցի հիմնադրման գաղափարը ներկայացրել են նաեւ ԼՂՀ կառավարությանը` վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

«ԼՂՀ կառավարությունը պատրաստ է մեզ աջակցել: Նաեւ մի շարք երիտասարդական կազմակերպություններ են մեզ միացել: Գյուղապետերը նույնպես խոստացել են ծրագրին օժանդակել: Արցախում շատ մեծ սպասելիքներ կան արդեն»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button