Արտագաղթն ու գործազրկությունը սահմանամերձ գյուղերի խնդիրներից ամենամտահոգիչերն են


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վերջին շրջանում կառավարության ուշադրության մանրադիտակում մեր երկրի սահմանամերձ գյուղերի խնդիրներն են:Դրանք շատ են, սակայն, գյուղերի բանկիչներին ամենաշատը մտահոգում են արտագաղթն ու գործազրկությունը:
13-ամյա Անի Մկրտումյանն իր հասակակիցներից շատ բաներով է տարբերվում: Ակամայից նրա մտքերն ավելի հասուն են ու բնորոշ իրենից մի քանի անգամ մեծերին թերևս: 13 տարի շարունակ Անին տարին 12 ամիս միայն կրակոցներ է լսում, սակայն, դրանք չեն խանգարում, որ ծննդավայր Մովսեսի մասին խոսելիս աչքերը փայլեն, նա պատրաստ է ժամերով, նույն փայլող աչքերով անդադար ու սիրով պատմել հայրենի գյուղի՝ սահմանամերձ Մովսեսի մասին: «Գողտրիկ ու սարերի մեջ թաքնված գյուղ է, շատ գեղեցիկ»,- պատմում է Անին ու միաժամանակ նկատում ՝ «Ափսոս, որ մեր գյուղից շատերն են հեռանում»: 13-ամյա աղջնակը գիտի նաև Մովսեսից հեռանալու պատճառը:
«Ափսոս աշխատանքային պայմանները շատ քիչ են, դրա համար էլ բնակչություն քիչ է, գյուղը նոսր է բնակեցված, արտագաղթը շատ է դեպի Ռուսաստան ու տարբեր երկրներ»:
Անին անհանգիստ է՝ տղամարդիկ հեռանում են գյուղից, իսկ այն պահել է պետք, ադրբեջանական հենակետերն ուղիղ գծով իրենց դպրոցին են նայում,ամեն օր՝ առանց ժամ ու պատարագ, կրակում են, ու այքնան հաճախ, որ այն 13-ամյա աղջկա, գյուղի մյուս երեխաների ու նրանց ծնողների համար սովորական է դարձել.«Գրեթե նորմալ են դարձել կրակոցները: Ծնողները երեխաներին հանգիստ դպրոց են ուղարկում նույնիսկ կրակոցների օրերին: Հնարավոր չի կրակոցներին շատ ուշադրություն դարձնել, որովհետև կարող է շաբաթներով շարունակ կրակոցներ լինեն, երեխաները պետք է կրթություն չստանան, տնից դուրս չգան»:
«Անիի նման հասուն մտածում են Մովսեսի բոլոր երեխաները, 15-ամյա Ռաիսայի համար նույնպես մտահոգիչ է, որ շատերն են հեռանում գյուղից, պատճառն էլ գիտի՝ աշխատանք չկա, եթե աշխատանք լինի, անպայման կմնան: Արտագաղթն ու գործազրկության բարձր մակարդակը Տավուշի սահմանամերձ գյուղերի ամենամտահոգիչ խնդիրներն են: 2013-ին Պաշտոնապես 500 գործազուրկ էր գրանցված Բերդի տարածաշրջանում: Բերդում՝ 300, մյուս 16 համայնքներում 200: Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, իրական գործազրկությունը չի արտացոլում,- կարծում է Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անահիտ Բադալյանը:
«Գործազրկությունը հանգեցնում է միգրացիային, արտագաղթին, պաշտոնական տվյալներ չեմ ուզում հրապարակել, որովհետև բոլորս գիտենք, թե պաշտոնական տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը»:
«Սոսե մայրերի ասոցիացիայի» նախագահ Նինա Ադամյանն ամուսնու հետ պատերազմի տարիներին առաջնագծում էր, շատ բան է տեսել, գլխով շատ բան է անցել, այսօր էլ մեն-մենակ ապրում է Բերդում ու կրկին ահազանգում՝ սահմանամերձ գյուղերում գործազրկության մակարդակը բարձր է ու անհանգստացնող. «Այստեղ կա մի ազգ, որը կոչվում է հայ ազգ, որը կոչվում է հայեցի, որը պաշտպանելու համար մենք պետք է կանխենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Նկարիչ ունեինք Կոշտանց Գառնիկ էր անունը, ասում էր ով խելք ունի մեռավ, ով փող ունի տեղափոխվեց, ով էլ անճար էր մնաց: Բայց ես չէի աս, որ մենք անճար ենք, մենք է, մնացել ենք մեր հողն ու ջրին, ինչ որ հայրենասիրության միտումն ա մեր սրտերում, մեր հոգիներում: Բոլոր դեպքերում մենք կանք, ուզում ա մեզ օգնության գան, ուզում ա չգան»:
Պատերազմի տարիներին անգամ սահմանամերձ և ոչ մի գյուղի բնակչի նույնիսկ մտքով չի անցնել թողնել գյուղն ու հեռանալ առավել անվտանգ վայր, այսօր, սակայն, երիտասարդների մի մասը հեռանում է գյուղից, նրանք ոչ թե լքում են իրենց գյուղը, այլ գնում աշխատելու և նորից վերադառնում գյուղ: Սահմանամերձ գյուղերում բնակվող տղամարդկանց հեռանալն այսպես են մեկնաբանում ու երբեմն նաև արդարացնում համագյուղացիները: Այն, որ արտագաղթի չարիք է յուրաքանչյուր երկրի համար, գիտենք բոլորս, մեզ մնում է հուսալ, որ գիտակցում ենք նաև՝ թե որքան ավելի վտանգավոր է, երբ ստիպված, սակայն, հեռանում են սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ու նաև մի պարզ ճշմարտություն՝ Սահմանի վրա գտնվող զինվորն ուժեղ է, երբ գիտի, որ թիկունքում գյուղն է, պաշտպանում է իր տունն ու ընտանիքը: