Հասարակություն

ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառումների նախաշեմին՝ խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Կարևորելով երիտասարդության շրջանում ազգային գաղափարախոսության և հայրենասիրության սերմանումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ գործընթացում ազգային բանակը պետք է առանցքային դերակատարում ունենա: Ըստ այդմ, նախարարը հանձնարարել է, որ զորամասերում ՀՀ անկախության տարեդարձի առթիվ անցկացվելիք տոնական միջոցառումներին ներգրավվեն նաև հասարակության լայն շերտերը:

Ընդգծելով, որ ազգային բանակի հենքն ի վերջո հասարակությունն է, Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ այս առումով բանակ-հասարակություն կենսական կապի հետագա ամրապնդումն ուղղակի խիստ անհրաժեշտություն է: Նախարարը հորդորել է նաև, որ վերոհիշյալ կապը պետք է օգտագործել հասարակության շրջանում ազգային ավանդույթների շարունակության ապահովման, մնայուն արժեքների արմատավորման, արատավոր բարքերի դեմ տարվող պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կարգապահական բնույթի խնդիրներին: Օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննության կապակցությամբ պաշտպանության նախարարը շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները: Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:

Ցուցադրել ավելի
Back to top button