Վիկտոր Գումինսկի.Հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հայ-բելառուսական հետագա համագործակցության հարցերն այսօր քննարկվել են ԱԺ-ում՝ խորհրդարանների փոխնախագահների մակարդակով: Զուգահեռ տեղի է ունեցել նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստը: Բանավոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար առաջիկայում ձեռնարկվելու են նաեւ հստակ քայլեր, ինչի մասին պաշտոնյաներն այսօր արդեն հայտարարել են: Ի դեպ՝ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին հատուկ ընդգծեց, որ թեեւ հանձնաժողովի նիստը թեեւ 8-րդ, բայց որոշ առումով՝ հոբելյանական: Ուղիղ 10 տարի առաջ որոշվեց հիմնել հիջխորհրդարանական այս հարձնաժողովը, տարիների ընթացքում փոխվել են խորհրդարանների նախագահները, պատգամավորները, բայց հանձնաժողովը շարունակում է անխափան աշխատել, հատուկ ընդգծել է Վիկտոր Գումինսկին:
Ապրանքաշրջանառության այն ծավալը, որ այսօր կա Հայաստանի եւ Բելառուսի միջեւ դեռ իրական հնարավորությունների ցուցանիշը չէ, այսօր Աժ-ում հայտարարեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին: Միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ՝ այսօր, որոշվեց խորացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը: Առաջին քայլն արեց հայկական կողմը՝ բելառուսական կողմին առաջարկելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բացել համատեղ արտադրամասեր: Թե ինչ ուղղությունով են դրանք աշխատելու մասնավորեցրեց Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ըստ նախնական պայմանավորվածության բոլոր հիմքերը կան, որպեսզի Գյումրիում ապագայում ստեղծվի գյուղատնտեսական համատեղ ձեռնարկություն»:
Բացի այդ նաեւ հենց Գյումրիի ու Մինսկի միջեւ է տեղի ունենալու ուղիղ ավիաչվերթները, որոնց հիմնման հարցը կրկին քննարկվել է այսօր: Թե որքանով այս ամենը կապ ունի Եվրասիական տնտեսական միության հետ հստակեցնել չհաջողվեց: Խորհրդարանների փոխնախագահները չպատասխանեցին լրագրողների հարցերին, ասեցին այն, ինչ պետք է ասեին եւ շտապեցին նախագահի մոտ ընդունելության: Բայց մինչ այդ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Դուք գիտեք, որ մենք դաշնակիցներ ենք, ՀԱՊԿ անդամ պետություններ ենք, ուստի շատ կարեւոր է մեր համագործակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում»:
Միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգային հարցերից մյուսն առնչվում էր հակամարտություններին: Կողմերը հայտարարեցին, որ նմանատիպ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Էդուարդ Շարմազանովն իր խոսքում հատուկ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ Վիկտոր Գումինսկին շեշտը դրեց Ուկրայինայի վրա: Ամեն դեպքում այսօր ընդունվել է նաեւ համատեղ հռչակագիր, հայտարարություն:
«Անթույլատրելի ենք համարում ֆաշիզմի, նացիզմի, տեռորիզմի եւ կսենոֆոբիայի ցանկացած դրսեւորում»:
Օրակարգային երրորդ հարցն էր՝ երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Կողմերը Համաձայնության եկել Բելառուսում տեղադրել խաչքար՝ ի հիշատակ Բելառուսի ազատագրման ժամանակ մահացած հայորդիների: Այս հարցին մանրամասն անդրադարձավ Վիկտոր Գումինսկին: Հիշեցրեց, որ Հայրենական Մեծ պատերազմում Բելառուսի ազատագրման համար պայքարող 60 հազար հայից զոհվել է 15 հազարը: Ի դեպ՝ այսօր Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հրացվիրեց իր գործընկերոջը հաջորդ տարի այցելել Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: