ԿարևորՀասարակություն

Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ. Վլադիմիր Գասպարյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են  ընթանալու, ապա ոստիականությունը դրանք չի հանդուրժելու՝  այսօր «Արզնի»  օդանավակայանի տարածքում ընթացող զորավարժությունների  ավարտին   ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ընդգծել է. ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց տիրապետում է  քաղաքականության հոգեբանությանը:

Ոստիկանապետը  վարժանքներն անթերի չի գնահատել, բայց նաև նկատել է, որ դրական փոփոխություններն ակնհայտ են: Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ից 13-ը «Արզնի» օդանավակայանի  տարածքում անցկացվում էին հատուկ  զորավարժություններ, որոնց   նպատակը  զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցությունը բարձրացնելն ու  ծառայողների հմտությունների ամրապնդելն էր:

Իրադարձությունները, սակայն,  տեղի են ունենում ոչ թե Ազատության հրապարակում, այլ «Արզնի» օդանավակայանի տարածքում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների  մասնակցությամբ ընթացող զորավարժությունների  ընթացքում: Իսկ դրանց թեման  զանգվածային անկարգությունների կանխումն ու  խափանումն է  հատուկ օպերացիաների միջոցով:

Բեմականացված իրավիճակը մոտեցվել է  հնարավոր իրականին. տարածքում  պայմանականորեն նշվել են Երևանի կենտրոնական  փողոցները, նաև հանրահավաքային վայրերը՝ Ազատության հրապարակ, Սահմանադրական դատարանի շենք, Բաղրամյան պողոտա, տարբեր հատվածներում տեղակայվել են ցուցարարներն ու ոստիկանական ստորաբաժանումները: Իրադարձությունները զարգանում են լարվածության մեծացման սցենարով:

 

Ոստիականության ծառայողները նախ բանակցում են զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ, եթե հորդորները հաշվի չեն առնվում, դիմում են այլ միջոցների: Հատուկ ստորաբաժանումները շրջափակում են տարածքը, մեկուսացնում ու վնասազերծում զենք, պայթուցիկներ տեղափոխող  կամ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող խմբերին, օգնության են գալիս  հատուկ նշանակության ստորաբաժանումները,  նաև ջրանետ մեքնենաները, մարտական տեխնիկան, հատուկ միջոցները:  Ընդհանուր պլանով իրականացվող հատուկ օպերացիան ավարտվում է  առանց կորուստների: Վարժանքի ողջ ընթացքին հետևում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Գոհ է արդյոք հատուկ օպերացիայի ընթացքից կամ ի՞նչ  թերություններ նկատեց:

 

«Բազում են մեր թերությունները: Երկու տարի առաջ երբ այս վարժանքները մենք կազմակերպեցինք,  ես ուղղակի հիասթափված էի, անցյալ տարի իմ հույսը փոքր-ինչ վերականգնվեց, այս տարի մենք այլ մարտավարություն ենք ընտրել. ոստիկանը պետք է մաքսիմալ գրագետ լինի,  գործի օրնեքի տառին ու մասնագիտական էթիկային համապատասխան, իսկ քաղաքացին մինիմում վնասվածքներ ունենա»:

 

«Ռադիոլուրի» դիտարկմանը, թե զորավարժությունները կարող են մեկնաբանվել որպես ոստիկանության նախապատրաստություն քաղաքական գործիչների խոստացած թեժ աշնանը , Վովա Գասպարյանը նախ հումորով , հետո ավելի լուրջ է արձագանքում:

 

«Կարող եմ հումորով էլ պատասխանել, թեժ աշնան համար կան սառը ցնցուղները, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ պատասխանել այնպես, ինչպես ես մտածում եմ՝  թեժ լինի թե սառը, ամեն ինչ պետք է լինի տրամաբանության մեջ ու օրենքի սահմաններում: Այդ ժամանակ թեժ ածունները կարող են շահեկան լինել, իսկ եթե թեժ աշունները օրենքի խախտումներով լինեն, ոստիկանությունը դա չի հադուրժելու»:

 

Այն խնդիրները, որ դրել է իր առջև ոստիկանությունը ,  լուծված են կիսով չափ: Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ  2015 թ. ոստիկանությունը որակական նոր փուլ կմտնի՝  փորձելով ձերբազատված լինել այն արատավոր երևույթներից, որոնք բացասական առումով ասոցացվում են ոստիկանի կերպարի հետ: Այս պահին ոստիկանության ոստիկանապետի գնահատականը համակարգին  3 է՝ գումարածով :

 

Ցուցադրել ավելի
Back to top button