Բամբակաշատի «Սուրբ Աստվածածին»-ը 100 տարեկան է


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Հայ առաքելական եկեղեցու տաղավար վերջին խաչվերացի տոնից առաջ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում նշվեց հիմնադրման 100-ամյակը, որի կապակցությամբ մատուցվել է սուրբ պատարագ: Տոնի կապակցությամբ գյուղի բարերարի միջոցներով բարեկարգվել է եկեղեցու բակը, տեղադրվել է 2 խաչքար, իսկ Բամբակաշատ գյուղի մուտքի մոտ կառուցվել քրիստոնյա հավատքի խորհրդանիշ երկաթյա մեծ խաչ:
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին 100 տարեկան է, մինչև օրերս դեռ հայտնի չէր եկեղեցու կառուցման տարեթիվն ու կառուցողը, սակայն տարիներ շարունակ այն ծառայել է քրիստոնյա ժողովրդին, իսկ անաստվածության տարիներին՝ խոնարհվել, որից հետո Հովնանյանների բարեգործությամբ կրկին իր դռները բացել հավատացյալ ժողովրդի առջև: Արդեն հայտնի է եկեղեցու կառուցման պատմությունը, որը հիմնվել է ավելի վաղ 14-րդ դարում կառուցված փայտաշեն տանիքով մատուռի փլատակների վրա: Մոլլաբայազետցի երիտասարդ քահանա տեր Հովհաննեսի կատարած հանգանակությամբ վեր է խոյացել աստծո տունը:
Քահանայի ծոռնուհին Հասմիկ Սարգսյանը պատմում է, որ պահպանված վավերագիր փաստաթղթերի հիման վրա բացահայտվում է ապուպապի թողած հուշագրությունը և հրպարակային դարձնում: Խորհրդային կարգերի փլուզումից հետո հացահատիկի պահեստ դարձած եկեղեցին կրկին նոր շունչ է ստանում: Տարիներ շարունակ Բամբակաշատի աստծո տունը եղել է Արմավիրի թեմական կենտրոն, որտեղ ամեն կիրակի Արմավիր քաղաքի ու Բամբակաշատին հարակից գյուղերի բնակիչները մասնակցել են սուրբ պատարագին և իրենց աղոթքը հասանելի դարձրել տիրոջը: «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակը 100-ամյա տարելիցի շեմին բարեկարգվել էր, տեղադրվել էր նոր ցանկապատ, փոխվել էր խորանի խաչը և մի շարք վերոգման աշխատանքներ իրականացվել: Բացի այդ եկեղեցու բակում տեղադրվել էր 2 խաչքար, որից մեկը նվիրված է մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հեղինակը բամբակաշատցի տվերաբնակ բարերար Լևոն Սոլկարյանն է:
Խաչի փրկության և գերությունից ազատման ՝ խաչվերացի տոնին ընդառաջ Բամբակաշատ գյուղի մուտքի մոտ բարերարը կանգնեցրել է նաև երկաթյա լուսավոր մեծ խաչ, որն ավելի շատ ընդունված է օրթոդոքս՝ ուղղափառ եկեղեցիներ ունեցող համայնքներում: Արմավիրի թեմի առաջնորդ, տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը ուրախությամբ նշեց, որ այդ սովորույթը տեղ է գտել նաև մեզ մոտ:
Քրիստոնեության խորհրդանիշեր խաչն ու խաչքարերը տերունականա աղոթքից հետո oծվեցին և օրհնվեցին սրբազան հոր ձեռքով:
Բամբակաշատ գյուղի բնակիչները հաճախ են լինում եկեղեցում և աղոթում: «Սուրբ Աստվածածնում» են կատարում իրենց մկրտությունը, պսակադրությունն ու մատաղը:
Բամբակաշատ գյուղի եկեղեցու 100-ամյակի կապակցությամբ բարերար Լևոն Սոլկարյանը արժանացավ մի շարք պատվոգրերի, ինչպես նաև ավագանու կողմից նրան շնորհվեց համայնքի պատվավոր քաղաքացի կոչումը:«Սուրբ Աստվածածին» եկեղեցու 100 ամյա հոբելյանի կապակցությամբ եկեղեցու բակում մատուցվեց մատաղ: