Հասարակություն

Աքիլլես. «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը փոփոխության ենթարկվեց, երբ «կպավ» հենց պատգամավորների գրպանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Տուգանքների մասին վարորդների ոչ պատշաճ ծանուցման, տուգանքների կրկնապատկման և եռապատկման վերաբերյալ է այսօր խոսել «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաև ԱԺ-ում քննարկվող «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որով վարորդների ծանուցման կարգում ըստ էության որևէ լուրջ փոփոխություն հկ նախագահը չի տեսնում: Էդուարդ Հովհաննիսյանի եզրակացությունն այս փոփոխությունից մեկն է. ԱԺ-ն օրենքներ է ընդունում՝առանց կարդալու տվյալ օրնքի նախագիծը:

Դեռևս մի քանի տարի առաջ, երբ փոփոխություն կատարվեց  «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն պարբերաբար ընդդիմանում էր, քանի որ այն հակասում էր փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքին:  «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն վարորդը համարվում է իրավախախտման մասին ծանուցված, եթե անգամ ծրարը ուղարկվել է նշված հասցեով, բայց այն չի հասել վարորդին:

Փոփոխությունների հետևանքները շոշափելի դարձան այս տարեսկզբին, երբ ստացվեցին բազմաթիվ բողոքներ վարորդների կողմից իրենց ծնուցված չլինելու, բայց տուգանվելու մասին, որի արդյունքում առգրավվում էր անգամ վարորդների անշարժ գույքը: Վերջին անգամ ԱԺ-ն այս թեմային անդրադարձավ այս տարվա մարտին, բայց դարձյալ ապարդյուն. Որևէ փոփոխության օրենքը չենթարկվեց, մինչև այն չկպավ հենց ԱԺ որոշ պատգամավորների գրպաններին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Բայց արդյոք այս նոր օրենքով խնդիրը լուծվում է: Ոչ միայն չի լուծվում, այլև առաջ է գալիս օրենքի մեկայլ խախտում: Դրա մասին պարզաբանեց Աքիլլեսի իրավաբան Արմինե Մկրտչյանը:

Փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքով քաղաքացին նշում է իր անուն ազգանունը, ստացման ամսաթիվը, իսկ փոստատարը անձնագրով ստուգում է տվյալ քաղաքացու ով լինելը: Իսկ  «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված նոր փոփոխության համաձայն ծանուցման տակ ստորագրում է ցանկացած անձ, ով պարզապես կներկայանա հասցեատեր:

Այս խնդրի մասին կենտրոնի իրավաբանը բարձրաձայնել է նաև Արդարադատության նախարարությունում կայացած Հանրային խորհրդի նիստում, և առաջարկել այս փոփոխությունում հաշվի առնել և կիրառել նաև փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքը, որով քաղաքացին իսկապես կհամարվի պատշաճ ծանուցված և հետագայում էլ չի կանգնի փաստի առջև:

Ցուցադրել ավելի
Back to top button