Հասարակություն

Քաղաքական եւ պետական գործիչները ԶԼՄ- ների հետ շփվելու թեստ թող հանձնեն

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեկ լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ իշխանություններից պահանջելով դատապարտել լրագրողի հանդեպ երկու օր առաջ տեղի ունեցած բռնությունը: Դիմել են նաեւ դատախազությանը՝ հայտարարությունը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին, բայց միաժամանակ նշում են. խիստ կզարմանան, որ դատախազությունը միանգամից արձագանքի դրան: Իսկ միջադեպը տեղի է ունեցել «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի եւ ԱԺ անվտանգության ծառայության պետի միջեւ:

Երկու օր առաջ Հայաստանում գրանցվեց լրագրողի հանդեպ բռնություն կիրառելու հերթական դեպքը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ դարպասի մոտ, երբ բողոքի ակցիա լուսաբանող լրագրողին մոտեցել է ԱԺ անվտանգության ծառայության պետը, հարվածել է լրագրողի ձեռքին եւ գետնին գցել նկարահանող սարքը: Այս տարեսկզբից սա արդեն 6-րդ ոտնձգությունն է լրագրողի հանդեպ՝ մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ:

Թեեւ նախորդ տարիների համեմատ միջադեպերը պակասել են, բայց մտահոգիչ է, երբ նույնիսկ նախընտրական եւ ընտրական տարի չհանդիսանալով, հանգիստ պայմաններում կրկին սպառնալիք կա լրագրողների աշխատանքին, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։ «Կարծում եմ, արդեն ժամանակն է, որ երբ ինչ որ անձ ուզում է զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ ընդունվում է կուսակցություն կամ ինչ որ անձ ուզում է պետական ատյանում պատասխանատու աշխատանքի անցնել, պետք է թեստ անցնի լրագրողների, առհասարակ լրատվամիջոցների հետ շփվելու: Եթե նրանք ի վիճակի չեն, չեն կարողանում շփվել լրատվամիջոցների հետ, ուրեմն նրանց համար դեռ շուտ է քաղաքականությամբ զբաղվելը կամ բարձրաստիճան պաշտոններ գրավելը»,- ասում է։

Աշոտ Մելիքյանն ունի իր բացատրությունը, թե ինչու են նմանատիպ դեպքերը կրկնվում: «Այստեղ էլ իշխանությունները ձեւական մոտեցում են ցուցաբերում, հռչակում են, որ պաշտպանում են խոսքի ազատությունը, իրականում որեւէ քայլ չեն ձեռնարկում, որպեսզի ոտնձգությունների պարագայում իսկապես պաշտպանեն: Այս ամենը անպատժելիության մթնոլորտի հետեւանք է»։

Մի շարք լրագրողական կազմակերպություններ վերջին դեպքի առիթով հանդես են եկել հայտարարությամբ, պահանջել են դատախազությունից հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին, իսկ ԱԺ-ից էլ պահանջել են պատասխանատվության ենթարկել նշված անձին: Ի դեպ՝ իրավապաշտպան, «Իրավունքի Եվրոպա» միավորման ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կատարվածում նաեւ լրագրողների մեղքի որոշ բաժին է տեսնում: Նշում է՝ անհրաժեշտ է հետեւողական պայքար, եթե այն արդյունք չբերի հիմա, ապա գոնե արդյունք կլինի 5 տարի հետո՝ ապագա սերունդների համար։

«Ցավոք սրտի՝ դեպքերի մեծամասնությունը չի ավարտվում նույնիսկ բողոք ներկայացնելով իրավապահ մարմիններ: Մի քանի դեպքերով լրագրողները բողոք են ներկայացնում,  բայց չեն շարունակում գործադիր իշխանության շրջանակներից դուրս գալ եւ մտնել դատական պաշտպանության տիրույթ: Դատարաններում պետք է անցնել դատական բոլոր երեք աստիճանները եւ անպայման դուրս գալ Եվրոպական դատարան»։

Հենց այս խորհուրդից էլ ելնելով լրագրողական կազմակերպությունները պատրաստվում են լրջորեն անհանգստացնել պատկան մարմիններին վերջին միջադեպի առիթով, խոստացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը: Բացի այդ՝ շատ կարեւոր են համարում գոնե լրագրողների իրավունքների համար պայքարի գործում ոլորտի բոլոր ներկայացուցիչների միախմբումը։

Back to top button