ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.Մեզ համար անընդունելի են անհասկանալի զիջումները՝ անհայտության դիմաց

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մեզ համար ընդունելի են փոխադարձ պայմանավորվածությունները, բայց անընդունելի են անհասկանալի զիջումները՝ անհայտության դիմաց: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին: Հարցերի շրջանակը բավականին լայն է եղել` սկսած բանակի մարտական պատրաստության մակարդակից, մինչեւ` բարեփոխումներ, սպառազինություն եւ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցություն:

 

Սահմանային սադրանքներ կազմակերպելով Ադրբեջանը փորձեց ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա` նկատեց մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հայկական զինված ուժերի համար էլ դա ստուգատես էր, որը հաջողությամբ հանձնեց մեր զինուժը: Սեյրան Օհանյանը հավելեց, որ հայկական կողմը հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով հասնելու դիրքերից է հանդես գալիս:

«Իր իսկ պատմական տարածաշրջանում Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ դրան այլընտրանք չկա: Մենք պետք է ամեն ինչ անենք` այդ ինքնորոշման խնդիրը մինչեւ վերջ տանելու համար»:

Պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին` Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ հակառակորդն արդեն մի անգամ հայ ժողովրդին դրդել է զինված հակամարտության:

«Մենք պաշտպանեցինք մեր սահմանները: Բայց հակառակորդը փորձում է երկրորդ անգամ ճնշում գործադրել եւ հասնել զիջումների: Մեզ համար ընդունելի են փոխադարձ պայմանավորվածությունները, բայց անընդունելի են անհասկանալի զիջումները՝ անհայտության դիմաց»:

Ադրբեջանը ռազմաշունչ հռետորաբանությամբ եւ սահմանին խախտումների դիմելով փորձում է ուժ ցուցադրել՝ բանակցային գործընթացի վրա ազդելու համար: Դրան էին միտված դիվերսիաներն ու հուլիս-օգոստոսին հրադադարի խախտման դեպքերի ավելացումը: Դա չստացվեց` շնորհիվ հայոց բանակի զինծառայողների հերոսությունների ու անձնազոհությունների. դիվերսանտները ոչ միայն հետ շպրտվեցին, այլեւ` ձեռնարկվեցին կանխարգելիչ միջոցառումներ: Նախարարի խոսքով` հենց այդ ամենի շնորհիվ պետության ղեկավարի դիրքերը հաջորդած եռակողմ հանդիպումներում առավել ամուր էին:

«Մեր զոհված ազատամարտիկները միշտ մեզ հետ են, միշտ մեր գլխավերեւում են: Մենք միշտ արտահայտվում ենք, որ նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»:

Զինված ուժերի զարգացումը բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում ապահովվում է իրականացվող շարունակական բարեփոխումներով` վստահեցրեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նա շեշտեց նաեւ, որ բացառությամբ ռազմական գաղտնիք պարոնակող հանգամանքների, զինված ուժերի թե լավը, թե վատը բաց ներկայացվում է հանրությանը: Թերություններ կան, սակայն խնդիրը դրանք ժամանակին տեսնելն ու վերացնելն է` շեշտեց-վստահեցրեց  պաշտպանության նախարարը:

Արձագանքելով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի կողմից օգնություն ստանալու մասին հարցին` Սեյրան Օհանյանը նախ նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, կանգնած է դրա ստեղծման ակունքներում, բազմիցս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով, ակտիվ մասնակցում է ԱԱՀՈՒ-ի, խաղաղապահ եւ հակաօդային ուժերի զարգացմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն, այնուհետեւ, հավելեց. « ՀԱՊԿ-ի կանոնակարգի համաձայն՝ անդամ երկրի դիմելու պարագայում մնացածները օգնության են հասնում եւ այդ կանոնակարգը գործում է»:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին էլ արձագանքելով` նախարարը նշեց, որ այդ համագործակցությունն էլ հետխորհրդային երկրին օգնում է բարեփոխումների մակարդակը բարձրացնելու գործում: Համագործակցությունը զարգանում է կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահ գործունեության, հումանիտար ականազերծման աշխատանքների եւ մի շարք համանման այլ ուղղություններով: Երկու ուղղություններում էլ խնդիրներին եւ մեր նկատմամբ ըմբռնումով են մոտենում` եզրափակեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button