Հասարակություն

Նախարարը դեմ չէ ամուսնության գրանցումը կատարել հարսանյաց սրահներում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները կամ ինչպես ասում են ԶԱԳՍ-երն այսուհետ կհամալրվեն նոր տեխնիկական միջոցներով ու աստիճանաբար կանցնեն էլեկտրոնային  կառավարման համակարգով աշխատանքի, ինչը զգալորեն կհեշտացնի քաղաքացիների գործը: Նախատեսվում է նաև թվայնացնել նախկին փաստաթղթերը։ Բարեփոխումները կնպաստեն, որպեսզի կրճատվեն տեղեկանք ստանալու ժամկետները: ՀՀ արդարադատության նախարարությունում նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր հանդիպել է հանրապետության տարածքում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկներն ու բողոքները, խոստացել լուծում տալ բարձրացված հարցերին՝ ըստ նպատակահարմարության: Ամուսնությունների գրանցումը  հարսանյաց սրահներում կազմակերպելու առաջարկ է եղել, որը նախարարն ընդունել է։

Որքանո՞վ է նպատակահարմար ամուսնության օրինականացումը կամ հանդիսավոր գրանցման արարողությունը կատարել հենց հարսանյաց սրահներում: Քաղաքացիների առաջարկին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարծես դեմ չէ, առավել ևս, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը  մեջբերելով եվրոպական ու ԱՊՀ երկրների փորձը նշեց, որ դա ընդունված ձև է  և ամուսնությունը կարելի է գրանցել նաև այգում։

Նախարարը, իհարկե, նկատեց, որ  պետք չէ շատ խնջույքային դարձնել ու հասարակացնել այդ արարողությունը, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ տարածքային բաժիններում համապատասխան ձևով կահավորված դահլիճներ չկան, հարկ է, որպեսզի ընդունվի առաջարկը: Արդարադատության նախարարը նաև ավելացրեց՝ նույնիսկ Երևան քաղաքում ԶԱԳՍ-ի համար հանդիսավոր դահլիճ չկա հայտնի Երիտասարդական պալատի շենքը քանդելուց հետո: Աակայն հուրախություն երևանցիներ՝ի նախարարը նշեց, որ առաջիկա երկու ամսում ամուսնությունների գրանցման համար կունենան նաև  դահլիճ։

Հովհաննես Մանուկյանը հանրապետության տարածքում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ղեկավարներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ իրենք աշխատավարձերի բարձրացման խնդիր ունեն։ Ի դեպ՝ նախարարը նախապես նշեց, որ եթե համայնքի ղեկավարը նախատեսված աշխատավարձի բարձրացումը չանի, հարցը կլուծվի տարածքային կառավարման նախարարության միջամտությամբ։

Հանդիպման ավարտին նախարարը նաև հանձնարարականներ տվեց հանրապետության տարածքում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ղեկավարներին: Նախ տեղեկացրեց, որ պետք է գործի թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարողանան իրենց դժգոհուրթյուններն ու առաջարկները ներկայացնել, բացի դա՝ կարևորեց ԶԱՔՍ-երում բարեկիրթ վերաբերմունքի դրսևորումը, կոնֆլիկտային իրավիճակներում իրադրոթյունը հարթելու կարողությունը, էթիկայի կանոններին ուշադրություն դարձնելը։ Աշխատանքի ժամին արգելվում է շպարվել ու մատնահարդարմամբ զբաղվել, տեղեկացրեց նախարարը՝ նաև զգուշացնելով, որ կլինեն ստուգողական զանգեր և եթե պարզվի, որ կան ղեկավարներ, որոնք «հոգնել են, անմիջապես կուղարկվեն հանգստի»։

Ցուցադրել ավելի
Back to top button