Հասարակություն

ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը վստահում է ՀՀ զինված ուժերին. «Գելափ ինտերնեյշնլ»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Վստահ ենք, որ այսուհետ ևս ՀՀ ԶՈւ — ն և ԼՂՀ պաշտպանության բանակը ունակ կլինեն արժանի հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին». սա «Գելափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից օգոստոսի 8-17-ն ընկած ժամանակահատվածում հարցման ենթարկված ՀՀ 1067 քաղաքացիների 90 տոկոսի կարցիքն է: Նույն հարցման արդյունքներով մեր քաղաքացիների վստահության աստիճանը խորհրդարանական քառյակի հանդեպ անհամեմատ համեստ է: Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացրել է «Գելափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Երազախաբ Ադրբեջանը» , «Թեժ աշնան պաղ սպասումները». Այս թեմաների շուրջ «Գելափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը օգոստոսի 8-17-ն ընկած ժամանակահատվածում հարցում է իրականացրել Հայաստանի 10-ը մարզերն ու Երևանի բոլոր համայնքները ներկայացնող 1067  քաղաքացիների շրջանում: Հարցման նպատակն էր նախ պարզել՝ ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: Հարցման ենթարկվածների 40 տոկոսի համոզմամբ՝ մեր թիվ մեկ խնդիրը պատերազմական իրավիճակն է , 35 տոկոսի կածիքով ՝ գործազրկությունը, 33 տոկոսը նշել է, որ դա արտագաղթն է:

Ավելի ցածր տոկոսներով ՝ պետության առջև կանգնած կարևորագույն խնդիրների ցանկում նշվել են գնաճը, տնտեսական վատ վիճակը, կաշառակերությունը, իշխանության վատ աշխատանքը և այլն: Երկրորդ հարցադրումը վերաբերել է սահմանային վերջին միջադեպերին, Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ գործողություններին: Ինչով էին պայմանավորված Ադրբեջանի այդ քայլեր. Հարցման արդյունքները ներկայացնում է «Գելափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Գելափ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը փորձել է պարզել նաև բանակի հանդեպ ՀՀ քաղքացիների վստահության աստիճանը: Արդյունքները ավելի քան ոգևորող են . հարցման ենթարկվածների 90 տոկոսը վստահ է, որ ՀՀ ԶՈւ –ն և ԼՂՀ պաշտպանության բանակը ունակ կլինեն արժանի հակահարված հասցնել ադրբեջանական բանակի գործողություններին»: Վստահության գործակիցն ակնհայտորեն անկում է ապրել, երբ հարցադրումները վերաբերել են արդեն խորհրդարանական քառյակին և վերջին ի կողմից խոստացված թեժ աշնանը:

Հարցման ենթարկվածների 24 տոկոսը հավատում, որ իշխանությունը կկատարի քառյակի ներկայացրած 12 պահանջները, 71 տոկոսը դրան չի հավատում, հարցվածների 5 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել:

Ցուցադրել ավելի
Back to top button