Հասարակություն

Հայաստանից Վրաստան տեղափոխված եզդիները մոռանում են հայերենը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանի եզդիները  մոռանում են հայերենը: Նրանք, ովքեր հայկական կրթություն են ստացել, լեզուն այսօր չեն օգտագործում և իրենց երեխաներին էլ  հայկական դպրոցներ այլևս չեն ուղարկում:   

Ազգությամբ եզդի Ալեխան Մստոյանը ծնվել  ու մեծացել է Թբիլիսիում, ավարտել  ժամանակին այստեղ գործող Հովհ. Թումանյանի անվան հայկական դպրոց:  Սակայն նա արդեն տասնյակ տարիներ հայերեն ոչ մի գրություն չի կարդացել: Մտածում է` հավանաբար կվերհիշի, եթե ձեռքն ընկնի հայերեն մի գիրք. ափսոսում է տասը տարի հայկական դպրոցում  սովորել է, սակայն նույնիսկ լեզուն այսօր Թբիլիսիում շատ հազվադեպ է օգտագործում, երբ օրինակ իր տաքսին կանգնեցնում են հայաստանից ժամանած զբոսաշրջիկները. «Մի անգամ մի հայ կին ինձ հարցերց` հայ ես, պատասխանեցի, որ  եզդի եմ, իսկ նա ավելացրեց` դու չգիտես, դու սուպեր հայ ես…»:

Զրուցակիցս հիշում է, մի ժամանակ իրենց տանը եզդիերեն ու հայերեն էին միայն խոսում: Այսօր իր ընտանիքում հայերեն միայն ինքը գիտի:  «Երբ ես հայակական դպրոց էի գնում, արդեն  հայերն էլ  սկսել էին  իրենց երեխաներին տեղափոխել ռուսական դպրոց. հայկական դպրոցները  փակվեցին.  մենք էլ որոշեցինք, որ պետք չի. ուզում էինք գնալ Ռուսատան աշխատելու, ռուսական կրթությունը ավելի ճիշտ համարեցինք: Տղաս էլ ռուսական դպրոց է ավարտել, թոռներս էլ ռուսական են  հաճախում… »:

Մյուս զրուցակիցս, նույնպես ազգության եզդի է` Նոդար Ագիտյանը, որը  ռուսական դպրոց է ավարտել, բայց ինչպես և եզդիների մեծամասնությունը լավ տիրապետում է հայերենին: Ծնողները հայկական կրթություն են ունեցել,   եղբայրները եվս հայկական դպրոց են ավարտել, միայն իրեն ռուսական ուղարեկցին, թե ինչու, այսպես է բացատրում է. «Մյուսները հայկական ավարտեցին, բայց նրանցից  պողոս-պետրոս դուրս չեկավ, մտածում  էինք` միգուցե ինձնից դուրս գա… »:

Նոդարը եվս տաքսու վարորդ է. մեքենայում մշտապես հայկական երաժտություն է միացնում ու  դիմավորում  Հայաստանից Թբիլիսիի «Օրթաճալա» ավտոկայարան ժամանող  երթուղային տաքսիների  ուղևորներին ու  հայերենով նրանց հետ  խոսում:  Զրուցակիցներս` Ագիտյանն ու  Մստոյանը,  ինչպես և Վրաստանում ապրող շատ եզդիներ կրում են հայկական ազգանուններ կամ ուղղակի իրենց նախնիների անվանը ավելացրել են հայերեն «յան» վերջածանցը: Դրանք այն եզդիներն են, որոնք  Վրաստան են եկել Հայաստանից, իսկ Հայաստան մոտ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայից:  Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց  Վրաստանի եզդիների համայնքի ղեկավար Ագիտ Միրզոեվը,   ում ծնողները եվս Հայաստանից են տեղափոխվել Թբիլիսի.«Սակայն այս ազգանունները, որ մենք այսօր կրում ենք, չեն ներկայացնում մեր ինքնությունը. դրանք ազգանուններ են, որ ձեռք բերեցինք փախուստի  ճանապարհին,  Կովկասում հայտնվելու արդյունքում. շատ դեպքերում վերցրեցինք մեր նախնիների անուները,  ուղղակի ավելացնելով  «յան»  Հայաստան մուտք գործելիս: Եվ այսօր Վրաստանի եզդիների մեծ մասը հենց Հայաստանից տեղափոխվածներն են»:

Ըստ վերջին մարդահամարի (2002թ.) տվյալների,  Վրաստանում այսօր ապրում է ավելի քան 20  հազար եզդի:  Եվ դրանց գերակշիռ մասը Հայաստանից տեղափոխված եզդիներն են: Նրանք  խոսում էին հայերեն,  ապրում էին հայկական թաղամասերում, շփվում հայերի հետ և  հաճախում հայկական դպրոց: Սակայն այսօր արդեն, եզդիները   վիրահայերի նման իրենց երխաներին հայկական դպրոցներից տեղափոխում են ռուսական, իսկ վերջին տարիներին նաև վրացական: Այսպիսով եզդիների նոր սերունդը չի տիրապետում հայերենին, իսկ նրանք ովքեր գիտեն հայերեն,  աստիճանաբար մոռանում են այն:

Ցուցադրել ավելի
Back to top button