Հասարակություն

Հալիձոր համայնքի կյանքը՝ «Տաթևեր» ճոպանուղու կառուցումից հետո

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Տաթևեր» ճոպանուղին թեթևացրեց Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի կյանքը: Անանցանելի ճանապարհներն այլևս անցյալում են: Տաթևը Հալիձորին կապող ճոպանուղու շնորհիվ զբոսաշրջիկների թիվը տարածաշրջանում տարեց տարի ավելանում է, բայց Հալիձորում նրանցից քչերն են կանգ առնում: Մինչդեռ այստեղ զբոսաշրջությունը զարգացնելու լավ հեռանկար են տեսնում:

«Մինչ ճոպանուղու կառուցումը ճանապարհի լուրջ խնդիր ունեինք, Ամանորի տոներին անգամ չէինք կարողանում հարևան գյուղ այցելել ծանոթ-բարեկամներին շնորհավորելու համար»,-գյուղի առավել ծանր ժամանակներն է հիշում Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը: Տաթևը Հալիձորին կապող ճոպանուղու շնորհիվ զբոսաշրջիկների թիվը տարածաշրջանում տարեց տարի ավելանում է, բայց Հալիձորում նրանցից քչերն են կանգ առնում:

«Համայնքում ընդամենը երեք հյուրատուն է գործում: Մարդիկ դժվարությամբ են հավատում, որ լավաշ թխելով, հուշանվերներ պատրաստելով կամ ավանդական ուտեստների ցուցահանդես կազմակերպելով կարող են եկամուտ ստանալ: Մտածելակերպի փոփոխության խնդիր ունենք»,-անկեղծանում է Հալիձորի երիտասարդ համայնքապետ Մարատ Գերասիմյանը: Տիկին Աիդան մեկն է Հալիձորի այն բնակիչներից, ով փորձել է փոխել մտածելակերպը, տունը հյուրատուն է դարձրել:

Բայց տուրիստներն,-ինչպես ասում է,-դուռը դեռ չեն ջարդում, սպասում է: Տիկին Աիդայի բնորոշած գյուղի շատ լավ հյուրատան տերը Ջիվան Զորունցն է: «Տաթևեր» ճոպանուղու կառուցման առաջին իսկ օրից հավատաց հաջոցությանը: «Համոզված էի, որ ճոպանուղին կկասեցնի արտագաղթը, երիտասարդներին կպահի գյուղում»,-ասում է զրրուցակիցս:
Կենսաբանության նախկին ուսուցիչն այսօր իր հյուրատանը միանգամից 22 անձ է տեղավորում: Ֆինանսական բեռը հոգում է արտերկրում աշխատող որդին, ում նպատակն ի վերջո Հալիձոր վերդառնալն է: Լեհաստանից 14 զբոսաշրջիկներ օրեր առաջ են հեռացել: Նոր հյուրերի են սպասում:

Հալիձորի համայնքապետ Մարատ Գերասիմյանի փոխանցմամբ գյուղից 2 կմ դեպի հարավ արևմուտք նշանավոր Հարանց անապատն է, տարածքում ՝ Խաչին խութ եկեղեցին, «Հին Հալիձոր» գյուղատեղին, Պողոս Պետրոս մատուռը: Զբոսաշրջության զարգացման համար պատմամշակութային մասն ապահովված է: Ընդամենը համարձակությունն ու հոգատար ձեռքն է պակասում:

Back to top button