ԿարևորՔաղաքական

Ծառուկյանի հարցազրույցը՝ ԱԺ ճեպազրույցների առանցքում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական բարեփոխումների շուրջ Դաշնակցությունն իշխանությունների հետ չի համագործակցում, այլ ունի իր պատկերացումները սահմանադրական փոփոխությունների անհարժեշտության վերաբերյալ, այսօր ԱԺ ճեպազրույցների  ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Դաշնակցությունը խորհրդարանական ոչ իշխանական ուժերից միակն է, որ պաշտպանում է սահամանադրական բարեփոխումների գաղափարը: Խորհրդարանական մյուս ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի  և «Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են այն փաստարկների մասին, որոնցով մերժում են սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Ոչ իշխանական ուժերը հույս ունեն, որ այս հարցում տարակարծությունները չեն ազդի քառյակի ձևաչափով համագործակցության վրա: 

Դաշնակցությունը խորհրդարանական ոչ իշխանական քառյակի միակ ուժն է, որը պաշտպանում է սահամանդրական բարեփոխումների գաղափարը: Այս հարցի շուրջ իշխանությունների հետ հնարավոր համագործակցությունը չի՞ ազդի արդյոք քառյակի ուժերի հետ Դաշնակցության համագործակցության վրա: Խմբակցություն քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ նախ «իշխանությունների հետ համագործակցություն» ձևակերպմանը։ «Համագործակցություն  իշխանությունների հետ սահմնանադրական բարեփոխումների շուրջ մենք չունենք։ Մենք ունենք մեր պատկերացումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իսկ դրանք նոր չեն»։

ՀՅԴ-ն սպասում է սահմանադրական բարեփոխումների նախագծին, բայց նաև ոչ իշխանական այն ուժերին, որոնք կողմ են կառավարման խորհրդարանական մոդելին, առաջարկում է այլընտրանքային փաթեթ մշակել։ «Միասին ասենք ինչ ենք ուզում, հստակ կետերով և առաջարկենք: Եվ եթե կարվեն այդ փոփոխությունները, անիմաստ է չգնալ դրան, եթե մենք դրա կողմնակիցն ենք»:

Աղվան Վարդանյանն իր այս առաջարկի դրսևորումները տեսել էր նաև երեկ ԲՀԿ-ի առաջնորդի ՝լրատվամիջոցներին տված հարցազրույցի մեջ։ «Երեկ հաճույքով կարդացի պարոն Ծառուկյանի հարցազրույցի այն հատվածը, որում նա ասում էր բոլորովին նոր բան, ինչը ԲՀԿ ներկայացուցիչներից մինչ այժմ չէինք լսել: Ասում էր տեսնենք ինչ է, նոր խոսենք, քանի դեռ չենք տեսել հայեցակարգը, ի՞նչ խոսենք: Մեր ասածը դրա շարունակությունն է»։

Գագիկ Ծառուկյանի նույն դիտարկումը բոլորովին այլ տպավորություն է թողել ՀԱԿ-ի վրա: Հայ ազգային կոնգրեսում կարծում են , որ ԲՀԿ առաջնորդը որևէ նոր բան չի ասել, այլ ավելի է հստակեցրել կուսակցության դիրքորոշումը: Եվ երկկողմ, և քառակողմ հանդիպումների , և հանրային հայտարարությունների մակարդակում ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղ չի թողել, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ «Իսկ հանրային հայտարարությունների մակարդակում ես կարող եմ աննախադեպ զարգացումներ տեսնել: Կարևոր հարցազրույց էր՝ կարևոր շեշտադրումներով»։

ԲՀԿ ներկայացուցիչները հավաստեցին, որ սահամանդրական բարեփոխումների նկատմամբ կուսակցության դիրքորոշումը չի փոխվել, իսկ Գագիկ Ծառուկյանի խոսքի ու թիմի տեսակետներում տարակարծություն չկա. սա մասնավորապես ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: «Անհասկանալի է, թե ինչո՞ւ են մեր գործընկերները տարակարծություն տեսել, քանի որ բոլորը դրանում համոզվել են, որ Գագիկ Ծառուկյանի այո- ն այո է, իսկ ոչ-ը` ոչ: Մենք չենք ասում փաթեթը լավն է կամ լավը չի, մենք ասում ենք, որ այսօր, երբ նման արտագաղթ կա, ու երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, առավել ևս հավատի դեֆիցիտ, արդյո՞ք թիվ մեկ խնդիրը սահմանադրության փոփոխությունն է: Խոսքն ընդամենը ճիշտ պահի ընտրության մասին է »։

Խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանին ուղղված հարցերը  առավելապես աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային էին վերաբերում:  ՀՀԿ-ն կմասնակցի՞ արդյոք ՕԵԿ նախաձեռնած արտահերթ նիստին: Հարցը խմբակցությունում դեռ չի քննարկվել, իսկ անձնական կարծիքը տեղին չէ: Հիշեցնենք, «Օրիանց երկիր»  խմբակցությունը սեպտեմբերի 29-ին՝ հաջորդ  քառօրյայի  առաջին օրվա ավարտին, արտահերթ նիստ է նախաձեռնել՝ արգելանքի տակ հայտնված բանկային հաշիվների հարցը քննարկելու համար:

Եվ մի հարց էլ նախորդ քառրյայից. խորհրդարանը երեկ քննարկեց սոցիալական ոլորտին վերաբերող վարկային համաձայնագիր, քննարկման ժամանակ ԱԺ նախագահը մի քանի անգամ հայտարարեց, որ քննարկումից հետո հարցը քվերակվելու է: Քվեարկություն, սակայն, այդպես էլ չկազմակերպվեց: Լրագրողներն ուզում էին հասկանալ՝ արդյո՞ք ՀՀԿ-ն քվորում ապահովելու խնդիր ունեցավ։ «Սկզբում կարծում էինք, որ համաձայնագրի ընդունումը հրատապ է, հետո պարզվեց, որ այդ հրատապությունը չկա, դրա համար քվեարկություն չկազմակերպվեց: Բայց խորհուրդ կտամ չանհանգստանալ։ Ցանկացած դեպքում, ցանկացած ժամին, երբ մենք քվեարկություն հայատրարենք, դա կապահովվի, դրա համար մի անհանգստացեք»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button