Հասարակություն

Խաչվերացի տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է սեպտեմբերի 14-ին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այս տարի սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Այն նաև տաղավար հինգերորդ և վերջին տոնն է: Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Խաչվերացի տոնին մի շարք միջոցառումներ է կազմակերպել նաև Արարատյան հայրապետական թեմը:  Ներկայացնելով տոնի խորհուրդն ու միջոցառումները՝  Նոր նորքի Սբ. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այդ օրը Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվելու է զանգերի և խաչքարի օրհնության կարգ: 

Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է: այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանության հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, ասում է Նոր նորքի Սբ. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Խաչի ազատագրման գործում մեծ է նաև ժողովրդի դերը և այսօր էլ ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:  Խաչվերացը կամ «Սրբխեչը»  նաև աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր: Խաչն, ի դեպ, բավականին լավ և արդյունավետ միջոց է խուսափելու նաև  շատ աղանդավորների ներկայությունից ու քարոզից: Սա մի փոքրիկ գաղտնիք է, որն այսօր բացեց քահանան:

«Խաչակնքվելով չար երևույթները մեզանից մղոնով հեռու են գնում:  Դա այն սուրն է, որ հարվածում է դևերին: Գիտեք, որ աղանդավորներից շատերը չեն ընդունում տերունական խաչը: Մեր հավատացյալներից մեկը հետաքրքրվեց, թե ինչով կարելի է պայքարել Եհովայի վկաների դեմ, երբ նրանք դուռ են թակում, անհանգստացնում են: Երբ տեսնում եք աղանդավոր, որն ուզում է քեզ հետ մտնել կոնտակտի մեջ, մի վիրավորիր նրան, և մի փորձիր քարոզել զոմբիացածին ճշմարիտ հավատք, պարզապես խաչակնքվիր և չարը քեզանից կհեռանա»:

Խաչվերացն այս տարի կտոնենք սեպտեմբերի 14-ին: Այդ օրը մի շարք միջոցառումներ է նախատեսել է նաև Արարատյան Հայրապետական թեմը: Միջոցառումներից մեկն էլ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվելիք զանգերի և խաչքարի օրհնության կարգն է:

Back to top button