Մշակույթ

Ի՞նչն է ֆրանսիացի գեղանկարչին բերել Հայաստան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ֆրանսիացի գեղանկարիչ-լուսանկարիչ Դավիթ Ռոբեսոնն առաջին անգամ այցելել է Հայաստան` ծանոթանալու հայ արվեստագետների հետ  եւ փորձի փոխանակման նպատակով։ Գեղանկարիչը շատ ցուցահանդեսներ է կազմակերպել արտերկրում, Հայաստանում նախատեսում է այն կազմակերպել 2015-ին։

 

Ֆրանսիացի գեղանկարիչ Դավիթ Ռոբեսոնը Հայաստան է ժամանել առանց նկարների: Այցի նպատակն է պայմանավորվածություն ձեռք բերել 2015 թվականին անհատական ցուցահանդես կազմակերպելու համար: Գեղանկարչի համար Հայաստանը տպավորված է որպես աշխարհին արվեստի գործիչներ պարգևած երկիր: Դեռ Ֆրանսիայում գեղանկարչին հետաքրքրել են հայ նկարիչները: Եկել է անձամբ նրանց հետ ծանոթանալու: Արդեն հանդիպել է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ:
«Ես կարծում եմ, որ իմ ոճը դուր կգա հայ նկարիչներին, որովհետև հարազատ բան կա ֆրանսիացի և հայ արվեստագետների մեջ: Իսկ ճիշտ արվեստում մեկը մյուսին ճանաչում են»:

Գեղանկարիչը կտավներ է վրձնում տարբեր ուղղություններով, սակայն հիմնականում հետեւում է ֆովիզմի ավանդույթներին։ Դեռ երիտասարդ տարիքից երազել է Արարատի գագաթը բարձրանալ, հաղթահարել է աշխարհի գրեթե բոլոր հնարավոր լեռնագագաթները։ Մի անգամ փորձել է բարձրանալ Արարատը, սակայն Թուրքիայի տարածքից, չի կարողացել հասնել իր նպատակին այնտեղ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով։ Արարատ բարձրանալու դեպքում էլ հուսով է, որ կգտնի այն, ինչ ուզում է:
«Իմ կտավներում հիմնականում գերիշխում են վառ գույներով կենդանիների ֆիգուրները: Ինձ շատ են հետաքրքրում կենդանիները, նամանավանդ նախապատմական շրջանի այն կենդանիները, որոնք բարձրացել են Նոյի տապանը»:

Հաճույքով է ստեղծագործում հատկապես, երբ անցորդներն ականատես են լինում իր աշխատանքին։ Գեղանկարչի համար կարևորը ոչ թե վերջնական արդյունքն է, այլ նկարի ծնվելու ընթացքում մարդկանց ներկայությունը։ Հայաստանը ֆրանսիացի գեղանկարչին գրավել է իր ճարտարապետական պարզ լուծումներով: Ճարտարապետության նկատմամաբ էլ հատուկ ուշադրություն ունի , քանի որ Ֆրանսիայում ունի սեփական ճարտարապետական գործակալություն:
«Երեկ հանդիպել եմ մշակույթի նախարարի հետ և ինձ դուր է եկել նախարարության շենքը: Երկար եմ դիտել շենքը, հրաշալի շինություն է: Այդ ճարտարապետությունն ինձ հիշեցրել է երկու ոճերի խառնուրդ` արևելյան բաոս և 30-ականների արտ-դեկո»։

Երևանն աչքի է ընկնում իր արևելյան և արևմտյան խառնուրդ ճարտարապետությամբ, ինչը, գեղանկարչի ձևակերպմամբ, դաջված է նաև մարդկանց դեմքերին:
Ֆրանսիայում Հայաստանն ու հայերին գրեթե չեն ճանաչում, ասում է է Դավիթ Ռոբեսսոնն ու կարծում է, որ այդ հարցում ինքը կարող է օգտակար լինել։ Նախատեսում է հետագայում հայ արվեստագետներին հրավիրել Ֆրանսիա։ Հայաստանն աշխարհին տվել է արվեստի հայտնի գործիչներ կամ ինչպես Ռոբեսոնն է ասում, դեսպաններ։ Ֆրանսիայի պարագայում Շառլ Ազնավուրն է։ Գեղանկարիչն ընդգծում է, որ արդեն ժամանակն է Հայաստանն էլ ընդունի օտարերկրյա դեսպաններին։

Ցուցադրել ավելի
Back to top button