Արմավիրի մարզում սկսվել է խաղողի բերքահավաքը


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Արմավիրի մարզում սկսվել է խաղողի բերքահավաքը: Նախորդ տարվա կարկտահարված այգիներն այս տարի որոշոկիորեն վերականգնվել են և լավ մշակության դեպքում բարձր բերք ապահովել: Արմավիրցի խաղողագործները, որոնք մշակում են տեխնիկական սորտեր, բերքն իրացնում են գինու, կոնյակի, օղու վերամշակող ձեռնարկություններում, որտեղ արդեն խաղողով բեռնավորված մեքենաների հերթեր են գոյացել: 1կգ խաղողի մթերման արժեքը 150 դրամ է:
Արմավիրի մարզի խաղողի այգիներում այգեկութ է, ամենուր կարելի է հանդիպել խաղողով բեռնված բեռնատարների, որոնց ուղղությունը խաղող մթերող վերամշակող ձեռնարկություններն են և գինու, կոնյակի, օղու գործարանների ընդունող մասնաճյուղերը: Վաղ գարնանային ցրտահարությունից որոշակիորեն պահպանված խաղողի բերքը մասամբ է արդարացնում մշակողի հույսերը, քանի որ այս տարի գյուղացիները ոռոգման ջրի խնդրի առջև էին կանգնել: Նալբանդյան գյուղից Վասիլ Խաչատրյանը նշեց, որ այն մասում, որտեղ իրենց հողն է խորքային հորեր չկան, ոռոգում են Արաքսի ջրով, սակայն արդեն 2 շաբաթից ավել ջուր չունեն:
7000քմ խաղողի այգին նախորդ տարում վնասվել էր կարկտահարությունից: Այս տարի այն մասամբ վերականգնվել է: Սովորաբար բարենպաստ տարում իր այգուց Վասիլ Խաչատրյանը քաղում է 15-20 տոննա բերք, բայց այս տարի բերքատվությունը եռակի նվազել է, բացի կարկտահարությունից այգետերը դա պայմանավորում է նաև քիչ ոռոգմամբ քանի որ պլանավորել էր ոռոգել 6 անգամ, փոխարենը ջրել է 2 անգամ, որի պատճառով էլ նվազ քանակությամբ բերք է ստացել: Իր նախնական հաշվարկով 7000քմ –ից կստանա 5-6 տոննա խաղող:
Ակնալիճ գյուղից Հակոբ Հարությունյանի ընտանիքը 5 հա-ի վրա մշակում է խաղողի կանգուն տեսակը, այգին անցած տարիներին շարունակ վնասվել էր բնական աղետից և անցած տարի ամբողջ այգուց 25 տոննա բերք էր ստացել: Հակոբ Հարությունյանը նշեց, որ այգու մշակության համար 3 մլն 100 հազար դրամ վարկ է վերցրել, որի վճարումը անցած տարվա կարկտահարության պատճառով մինչև 2016թվականը սառեցվել էր: Այս տարի այգիները վերականգնվել են և 5 հա-ից սպասվում է մոտ 100 տոննա բերք, այսինքն՝ մեկ հա-ի միջին բերքատվությունը 20 տոննա է: Այգետիրոջ հավաստմամբ այս տարի կարկուտից այգիները պաշտպանվել են Ակնալճում նոր տեղադրված հակակարկտային 5 կայանի միջոցով:
Խաղողի այգիներում բերքահավաքը շարունակվում է, մթերման կետերում հերթ է, որը անհանգստություն է պատճառում նաև շրջակայքին: Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղին հարակից շենքերի բնակիչները դժգոհում են ոչ միայն աղմուկից, այլև խաղողով բեռնված մեքենաներից ասֆալտին թափվող շիրայից, որը միջատների համար հարմար միջավայր է ստեղծել, իսկ գործարանի տնօրինությունը փողոցի լվացումն անտեսել է:
Խաղողի բերքահավքը արդեն հունի մեջ է, որ կշարունակվում մոտ մեկ ամիս: