Ջոն Հեֆերն. Հայաստանի արդարադատության համակարգում գրանցվել է առաջընթաց


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի արդարադատության համակարգում գրանցվել է առաջընթաց, բայց ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունը, որպեսզի որքան հնարավոր է լավ արդյունքի հասնի: Այս մասին այսօր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայով տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, հատուկ ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին եւ ձեռնարկում անհրաժեշտ քայլեր:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորեց տարածաշրջանային խորհրդաժողովը` շեշտադրելով, որ այն միավորում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտում համագործակցության առումով:
«Այս տարեսկզբին թմրանյութերի առգրավման դեպքերը ցույց տվեցին, թե ինչպես է միջազգային համագործակցությունը նպաստում ժողովուրդներին այդ լուրջ հանցագործություններից եւ ծանր ռիսկերից պաշտպանելուն: Այս խորհրդաժողովի նպատակն է խորացնել այդ համագործակցությունը եւ փորձի փոխանակման միջոցով կատարելագործել նման հանցագործությունների դեմ պայքարը եւ դրանց քրեական հետապնդումը»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել են աշխատանքային մեծ փորձառությամբ մասնագետներ՝ դաշտային մեկ դատավոր եւ փորձառու մեկ դատախազ: Ջոն հեֆերնը նկատեց, որ դատաիրավական համակարգի տարբեր ուղղություններով ԱՄՆ-ն Հայաստանի հետ համագործակցում է արդեն 10 տարուց ավելի:
«Յուրաքանչյուր երկրում այս ոլորտում շատ անելիք կա` քրեական գործերի քննությունից մինչեւ քրեական հետապնդում եւ դատական հանգուցալուծում, ճակատամարտը երբեւէ չի ավարտվում եւ նման գործերը դյուրին չեն եւ դյուրին չէ անգամ ԱՄՆ-ում: Ես Միսուրի նահանգի Սենթ Լյուիս քաղաքից եմ: Վերջերս մեզանում լուրջ վեճի առիթ էր դարձել ողբերգական միջադեպը, երբ ոստիկանը կրակելով սպանել էր անզեն քաղաքացուն: Ես այս պատմության մանրամասները չգիտեմ, բայց ցանկանում եմ ասել, որ շատ բարդ է հետաքննել այս գործը եւ դատական արդար որոշում կայացնել, որը կբավարարի բոլոր կողմերին», — ասաց Ջոն Հեֆերնը:
Արդարադատության ոլորտում Հայաստանն ունի առաջընթաց, բայց մենք շարունակելու ենք աշխատել եւ համագործակցել, որ հասնենք հնարավորինս լավ արդյունքների` բոլորի համար` եզրափակեց դեսպանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, հատուկ ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին եւ ձեռնարկում անհրաժեշտ քայլեր:
Ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ` տարված աշխատանքների արդյունքում հայտնաբերված հանցագործությունների մասին` Վիգեն Սարգսյանը շեշտադրեց, որ այդ ամենը բացարձակապես հանգստանալու առիթ չէ եւ Հայաստանը մտադիր է շարունակաբար լուրջ ու հետեւողական պայքար մղել չարիքի դեմ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճը կանխելու նպատակով եւ այդ գործում համագործակցելով միջազգային կառույցների հետ: