Պոլիտեխնիկի ռեկտորի facebook- ի էջին տիրանալու համար՝ քրեական գործ


Սեպտեմբերի 10-ին Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «www.facebook.com» սոցիալական ցանցի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առիթով։
2014 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՊՃՀ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 10-ին ստացվել են Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում եւ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: