Հասարակություն

«Ոչ թալանին» նախաձեռնությունը խոստանում է թեժացնել աշունը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Դեմ եմ» շարժման ավանդույթները շարունակելու նապատակով ստեղծվում է մի նոր նախաձեռնություն` «Ոչ թալանին» ընդգրկուն անվանումով: Հաշվի առնելով, որ այս անվանման շրջանակներում կարելի է պայքարել բոլոր արատավոր երեւույթների դեմ՝ նախաձեռնության անդամները խոստանում են դժվարություններ սոցիալական անարդարության հրահրողների համար: Բայց այս պահին նրանք մտադրվել են պայքարել առայժմ մեկ ոլորտում` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, որը արդեն տեղի է ունեցել օգոստոսի 1-ին: Շարժման նախաձռնողները այսօր նշել են, որ դեռ ունեն հասարակության վստահությունը ձեռք բերելու խնդիր:

Արդարության համար պայքարի դաշտում ակտիվ մասնակցության հայտ այսօր ներկայացրեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը: Առաջիկա ծրագրերը հակիրճ ներկայացրեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը. «Մենք չենք խոստացել, որ աշունը թեժ է լինելու, սակայն խոստանում ենք, որ աշունը թեժացնելու ենք»։

Հանրահավաքներ, բողոքի եւ անհնազանդության ակցիաներ ու նմանատիպ այլ քայլեր. փակագծերը դեռ չեն բացում: Բայց արդեն հայտարարում են` որոշ համագործակցություն կլինի խորհրդարանական քառյակի հետ: «Ռադիոլուրի» հարցին, թե որքանով են հաշվարկել իրենց այդ քայլը` քաղաքացիական շարժումը ներգրավելով քաղաքական պայքարի մեջ, եւ արդյո՞ք դրանից քաղաքացիական պայքարի ակտիվիստների թիվը չի նվազի, Սուրեն Էյրամջյանը պատասխանեց այսպես. «Համագործակցությունը չի նշանակում դառնալ նման կառույցների մի մասը: Պարզապես կան հարցեր, որոնք քաղաքացիական հասարակությունը իրավասու չէ լուծել: Կարող եմ զուգահեռ անցկացնել օրինակ «Դեմ եմ» շարժման հետ, երբ ՍԴ դիմելու հարց առաջացավ, որն անելու իրավասություն ունեն Մարդու իրավունքների պաշտպանը եւ քաղաքական կուսակցությունները: Հետեւաբար՝ նման համագործակցությունն անխուսափելի էր: Մեր գլխավոր նպատակը հասարակության իրավագիտակցության բարձրացումն է, որը հետագայում կբերի նրան, որ մարդիկ կհասկանան, որ պետք է պահանջատեր լինել»։

Կոնկրետ հիմա քաղաքացիական նախաձեռնությունը ուշադրությունը սեւեռել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վրա: Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հրապարակեցին իշխանություններին ուղղված ութ կետից բաղկացած պահանջագիր եւ դրանք կատարելու համար մինչեւ սեպտեմբերի առաջին շաբաթը ժամանակ տվեցին:

Մինչեւ այսօր կառավարությունն այդպես էլ չի արձագանքել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին, ինչպես նաեւ լուրջ չի ընդունում այլընտրանքային էներգիայից օգտվելու առաջարկին: Ի դեպ` խմբի անդամները նշում են, որ հետագայում արձագանքելու են բոլոր տիպի սոցիալական անարդարություններին, բայց այս պահին էլեկտրաէներգիայի սակագինն է ընտրված: Մինչեւմի հարցը չլուծեն չեն պատրաստվում անցնել մյուս հարցերին` ներուժը ցաքուցրիվ չանելու համար։

Այս պահին ակնհայտ է, որ քաղաքական եւ քաղաքացիական ոլորտներում համագործակցելու առաջարկով հանդես եկող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն առայժմ փորձում է տեղ գրավել նշված դաշտում եւ տիրապետել պայքարի որոշ լծակների: Հարավոր է նաեւ դրանից են կախված ապագա ծրագրերի փակագծերը, որոնք դեռ չեն բացվում։

Համենայնդեպս՝ այդպես է ստացվում նախաձեռնության անդամ Գեւորգ Վահագնիի խոսքերից. «Երբ շարժումը կհասնի բավականին պոպուլյարության, մարդիկ կսկսեն վստահել, այն ժամանակ գործողությունները միգուցե ավելի հստակ կլինեն: Քանզի նախաձեռնությունը նոր է ստեղծված, նույնիսկ ճանաչման պակաս կա, մեր գործողություններով մենք փորձելու ենք ցույց տալ, ապացուցել, որ չենք հետապնդում որեւէ նպատակ, չենք սպասրկում ոչ մի ուժի շահերը: Մեր նպատակն է հասարակության բարեկեցությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button