Միջազգային

Հայոց ցեղասպանության թեման նպաստել է Թուրքիայում գրաքննության զարգացմանը

«Թուրքիայում գրաքննությունը զարգացել է, շատերն ուրախ էին տեսնել դա քրդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեմաների հետ կապված, սակայն հիմա դա տարածվել է ամեն ինչի վրա»,- Ստամբուլում կազմակերպված Ինտերնետ ֆորումի մասնակիցների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հայտնում է panorama.am— ը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով ներկա է գտնվել ֆորումին  Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել կապ հաստատել Էդվարդ Սնոուդենի հետ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառներով, Սնոուդենին փոխարինել է Ասանժը։

«Ասանժը, ընդհանուր առմամբ, քննադատեց արդի ցանցի կառավարման մեթոդները։ Այնուհետեւ թիրախավորեց Թուրքիային և որպես թուրքական ցանցային գրաքննության հիմք նշեց քրդերի թեման և Հայոց ցեղասպանության խնդիրը, որից փորձում են խուսափել։ Նա հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշեց, որ հայերի ցեղասպանության խնդրից ելնելով՝ Թուրքիան փորձում է փակ պահել օսմանյան արխիվները»,- ասել է փորձագետը:

Ըստ Մարտիրոսյանի՝ մեկ այլ՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ինտերնետում» կոնֆերանսի ընթացքում, երբ թուրք ցանցային ակտիվիստը ասել է, որ իրենց երկրում ազատություն չկա՝ վկայակոչելով 45.000 կայքերի և Youtube-ի արգելափակված լինելու հանգամանքը, Թուրքայի իշխանության ներկայացուցիչը փորձել է ներկաներին բացատրել, որ դա արվում է երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով։

«Դահլիճում բոլորը սկսեցին բարձրաձայն ծիծաղել թուրք պաշտոնյանի բերած հիմնավորումից: Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ խոսքի ազատության խնդիրն օրհասական վիճակում է գտնվում: Այդ հանգամանքով մտահոգված էին ֆորումին աշխարհի տարբեր երկրներից մասնակցող փորձագետները», -հավելել է Սամվել Մարտիրոսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button