Հասարակություն

Կառավարությունը պահուստային ֆոնդից 147 մնլ դրամ է հատկացրել`ՀՀ մարզերի բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ տալու նպատակով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունը պահուստային ֆոնդից 147 մնլ դրամ է հատկացրել` ՀՀ նախագահի ու վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ տալու նպատակով: ՀՀ վարչապետի Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ էր տվել ՝ խնդիրները կարգավորելու համար: Բարձրացված հիմնախնդիրներից կարևորվել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի համայնքի տարածքում առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, Չինարի համայնքի դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքում ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները, իսկ սույն թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես Ծակքար համայնքի դպրոցի մասնակի վերանորոգման, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մեկ մասնաշենքի տախտակամածի, կավարամասի, ջրհորդանների և թիթեղյա ծածկի իրականացման աշխատանքներ:

Քամու հետևանքով ամբողջությամբ քանդվել է շուրջ 100քմ մակերեսով թիթեղյա ծածկը, իսկ մնացած հատվածը՝ պոկվել է: Լուրջ վնասվել է նաև Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի ազբոշիֆերյա ծածկը, շուրջ 90քմ մակերես, իսկ մնացած մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի: Վերոնշյալ խնդիրները կարճ ժամկետներում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ: Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 147 մնլ դրամ է հատկացրել` հիմնախնդիրները լուծելու նպատակով : «Սահմանամերձի մասով մեր խոստումները կատարե՞լ ենք»,— նախագիծը ներկայացնող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից հարցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու դրական պատասխան ստացել:

Ցուցադրել ավելի
Back to top button