Ընտանեկան բռնությունից հիմնականում բողոքում են միջին տարիքի կանայք


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Կանայք այսօր ենթարկվում են բռնության գրեթե բոլոր տեսակներին` սեռականից մինչև հոգեբանական, սակայն նրանցից քչերն են համարձակություն գտնում դիմել մասնագետի օգնությանը։ Հիմնականում փորձում են հաղթահարել սեփական ուժերով: «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության թեժ գծին բռնության ենթարկված կանանց զանգերը հաճախ են լինում, սակայն քիչ են դեպքերը, երբ խնդիրը հնարավոր է լինում հաղթահարել հեռախոսազանգի միջոցով:
Հիմնականում կանայք դիմում են կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոնի օգնությանը։ «Մեզ դժբախտաբար դիմում են այն կանայք, ովքեր բռնության են ենթարկվում երկար տարիներ: Եվ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում, իրենք ելքեր էլ չեն կարողանում գտնել»,- ասում է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Մարտիրոսյանը։
Կենտրոնի թեժ գիծը 2013 թվականին արձանագրել է 1902 զանգ, որից 1363 ընտանեկան բռնության բոլոր տեսակի դեպքերն են գրանցվել: Սրանք միայն զանգերն են, կան նաեւ այցեր։ Հիմնականում ընտանեկան բռնության ենթարկվածներն էլ միջին տարիքի կանայք են, ասում է հոգեբանը և տեղեկացնում, որ լինում են դեպքեր, երբ դիմում են նաև տարեց կանայք, սակայն նրանց թիվը քիչ է։ Շատ կանայք էլ չեն դիմում կենտրոնին և ոստիկանությանը` վախենալով ամուսինների հետագա վարքագծից:
Նման իրավիճակներից խուսափելու համար կենտրոնն ապահովում է իրենց դիմողներին ապաստարաններով: Ընտանիքում բռնության առկայությունն ազդում է ոչ միայն կնոջ, նաև երեխաների վրա, ովքեր ներկա գտնվելով իրադարձություններին, շատ հաճախ ունենում են հոգեբանական խնդիրներ: