Հասարակություն

Այս տարի վիրահայ աշակերտների համար իր դռներն է բացում 129 հայկական դպրոց

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Սեպտեմբերի 15-ին  Վրաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին.  վիրահայ աշակերտների համար իր դռներն է բացում  129 հայկական դպրոց: Ինչ փոփոխություններ են իրականցվել Վրաստանի կրթական համակարգում այս տարի….

Հայաստանից դուրս Վրաստանը միակ երկիրն է աշխարհում, որ  պետբյուջեից  ֆինանսավորում է ավելի քան հարյուր հայկական դպրոց կամ հայկական բաժին, որտեղ ուսում են ստանում հազարավոր վիրահայ աշակերտներ: Անցյալ տարի նրանց թիվը անցնում էր 14 հազարը (ավելի ստույգ 14 139 աշակերտ, որից 1297-ը առաջին դասարանցիներ էին): Այս տարի, ինչպես «ռադիոլուրին» փոխանցեցին Վրաստանի ԿԳ նախարարությանը կից գործող  կրթության կառավարման տեղեկատվական համակարգից,  թվերը դեռ ճշգրտվում են և կներկայացվեն մոտ օրերս:

Ցավոք,  վերջին մի քանի տարիների օպտիմալացման արդյունքում ավելի քան 150 դպրոցից մնաց 129-ը: Դրանցից  զուտ հայկական են համարվում թվով 115 –ը,  որոնց  մեծամասնությունը գտնվում է Սամցխե Ջավախեթի շրջանում:  Հայկական դպրոցների փակման  պատճառները տարբեր են: Սակայն ամենագլխավորը` ծնողները դեռևս շարունակում են իրենց երեխաներին  ռուսական, վերջին տարիներին նաև՝ վրացական  դպրոցներ  տանել:

Արդեն հայտնի է,  որ այս տարի առաջին  դասարան չի բացվի Թբիլիսիի թիվ 132 (վրաց-ռուս-հայկական) դպրոցի հայկական բաժնում: Ի դեպ,  մայրաքաղաքում այսօր գործում է երեք հայկական դպրոց, որոնցից միայն մեկն է ամբողջությամբ  հայկական, իսկ  մյուս երկուսը՝ հայ-վրաց և հայ-վրաց-ռուսական բաժանմումքներով դպրոցներ:   

ԿԳ նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը ասում է, որ հայկական դպրոցները  հիմնականում ապահովված են մայրենիի դասագրքերով, որ ստացվել են անցյալ տարի. «Այս տարի եվս այդ ուղղությամբ աշխատանք է տարվում. այն դպրոցները որոնցում դասագրքերի քանակը բավարար չէր,  այս տարի կլրացվեն  նոր հրատարակության մայրենիի գրքերով:  Այս պահին ընթացքի մեջ է կարգավորման գործընթացը,  լուծվում են տեխնիկական հարցեր»:

Վրաստանում կրթական համակարգում սկսված բարեփոխումները շարունակվում են: Նոր ուսումնական տարում Վրաստանի հանրային դպրոցներում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք  վերաբերում են նաև ոչ վրացալեզու դպրոցներին. Այսուհետ  երկրորդ օտար լեզուն աշակարտները կսկսեն ուսումնասիրել  5-րդ դասարանից` 7-րդի փոխարեն:  Նոր ուսումնական տարվա համար վերանորոգվել է 400 դպրոց, 1500 կրթօջախ կհամալրվի նոր գույքով,  այս պահին էլ  թվով  9  դպրոց  վերակառուցվում է.  «Դրանցից  մեկը հայ-վրացական թիվ 103  դպրոցն է, որը  շահագործման կհանձվի հաջորդ ուսումնական տարում»,-նշեց Կարինե Մանուկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button