Հասարակություն

Ամենաթափանցիկ գերատեսչությունը Արմավիրի մարզպետարանն է, ամենափակը՝ մշակույթի նախարարությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդեն 12 տարին անընդմեջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացնում է Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը: Եթե նախորդ տարիներին դրական և բացասական մրցանակակիրներին որոշում էր տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին, ապա այս տարի հաշվի կառնվեն հատուկ մշակած հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքի տվյալները, որով գնահատվում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակը։

Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսով առաջին անգամ գնահատվել է  պետական կառավարման 37  մարմինների հրապարակայնության եւ թափանցիության մակարդակը՝ 50-ից ավելի չափորոշիչներով։ Ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Շուշան Դոյդոյանի՝  առավելագույն 100 միավոր ցուցանիշին չի հաջողվել հասնել և ոչ մի կառույցի: Այնունամենայնիվ՝ արձանագրված արդյունքները զարմացրել են: «Լավագուն հնգյակում հայտնվել են Արմավիրի մարզպետարանը՝ 80 բալով, արդարադատութան նախարարությունը՝ 78 բալով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները՝ 77-ական բալերով եւ տարածքային կառավարման նախարարությունը՝ 76 բալով»։

Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության առումով վատագույն արդյունքներ են արձնագրել Ազգային անվտանգության ծառայությունը, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ըստ կենտրոնի ղեկավարի՝ միայն մշակույթի նախարարությունը չի մասնակցել ինդեքսավորմանը, քանի որ այն անտեսել է ուղարկված հարցաշարը և արդյունքում ստացել է 0 միավոր։ Ինդեքսավորման ընթացքում կառույցներից ստացված տվյալները գործնական առումով վերլուծվել են և նոր ներկայացվել վերջնական ցուցակում: Բուն ուսումնասիրությունը իրականացվել է մեկ տարի՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից:

Շուշան Դոյդոյանը չբացառեց, որ ինդեքսի առաջատարները սեպտեմբերի 26-ին կայանալիք ամենամյա մրցանակաբաշխությանը կստանան ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` ժանգոտ կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ։

Ցուցադրել ավելի
Back to top button