ԿարևորՔաղաքական

Աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ամառային արձակուրդից հետո այսօր խոհրդարանում տեղի ունեցավ առաջին հարց ու պատասխանը պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ: Կառավարությանը հարց ուղղելու համար այսօր գրանցվել էր 19 պատգամավոր:

Աժ-ի դահլիճում, խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր առաջարկեց ներկայացնել վարչապետի պաշտոնում իր 4 ամսվա աշխատանքի արդյունքը, իսկ ավելի ճիշտ՝ իր որդեգրած քաղաքականությունը հատկապես կոռուպցիայի վերացման հարցում եւ էներգետիկայի բնագավառում։

Ընդդիմադիր պատգամավորը խնդիրներ բարձրացրեց գազի, էլեկտրաէներգիայի, «Նաիրիտի», Վանաձորի «Քիմպրոմի» հետ կապված, բայց հարցերին պատասխանելու համար ԱԺ ամբիոնեին  մոտեցավ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը; Տվեց ընդհանրական պատասխաններ` պատճառաբանելով, որ հատկացված 3 րոպեում հնարավոր չէ անդրադառնալ բոլոր խնդիրներին, ինչը առաջացրեց պատգամավոր Արամ Մանուկյանի դժգոհությունը:

Կառավարության հետ այսօվա հարց ու պատասխանից դժգոհ մնաց նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը հարցեր էր նախապատրաստել արտագաղթի հետ կապված: Այս հարցին էլ պատասխանեց կրթության եւ գիտության նախարարը: Պատգամավորն արձագանքեց, որ Արմեն Աշոտյանն այն նախարարը չէ, որ պետք է պատասխաներ այդ հարցին: Ի վերջո՝ տարաձայնություններին որոշեց վերջ դնել Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը. «Ես խնդրում եմ, կառավարության պատասխանը կարող է ընդունելի չլինել, բայց դա ըմբոստության տեղիք պետք է չտա: Կառավարությունը պատասխանում է այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում»։

Այսպիսով՝ հնչեցված առանցքային հարցերն այսօր այդպես էլ մնացին անպատասխան: Վարչապետն այդպես էլ ոչ մի անգամ չմոտեցավ ամբիոնին` իրեն ուղղված հարցերին պատասխանելը հանձնարարելով տարբեր նախարարներին:

Ի դեպ` անպատասխան մնաց նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում հաշվարկված ռիսկերին առնչվող հարցը: Խաչատուր Քոքոբելյանը փորձում էր պարզել ինչպիսի գնաճ է հնարավոր: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նախ այդ հարցի պատասխանն առաջարկեց գտնել Կենտրոնական բանկում, թե նրանք են հաշվարկում այդ ռիսկերը, հետո տվեց մոտավորապես պատասխան, վերջում էլ` ամբիոնից իջնելուց առաջ, հատկացված ժամը սպառելուց հետո ավելացրեց, որ ի պաշտոնե տեղյակ է նման հաշվարկներին:

Իսկ Մարզահամերգային համալիրի հետ կապված բոլոր մտահոգությունները փարատեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: Խոստացավ, որ որոնելու են ուղիներ արդյունավետ կառավարիչ գտնելու համար, որ գործընթացը լինելու է թափանցիկ, որ կառույցը անպայման պահպանելու է Կարեն Դեմիրճյանի անունը եւ որ բացառված է, որ կառույցը վերածվի առեւտրային ինչ- որ տարածքի։

Ցուցադրել ավելի
Back to top button