ԿարևորՀասարակություն

ՏՏ ոլորտի ՀՀ նախագահի մրցանակը կհանձնվի Մարիո Մացցոլային

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի 5-րդ դափնեկիրն է Cisco  կորպորացիայի զարգացման գծով տնօրեն  Մարիո Մացցոլան: Մացցոլային  մրցանակը կշնորհվի նոյեմբերի 11-ին Երեւանում, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը։ «Մրցանակի ստեղծումը ՏՏ ոլորտին ՀՀ նախագահի աջակցության ավելի լայն ծրագրի մի մասն է միայն: Սրանք կարևոր երևույթներ են Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու, դեպի Հայաստան զբոսաշրջությունը բարձրացնելու առումով»,- շեշտել է Վիգեն Սարգսյանը:    

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի,  ում ներդրումները ոլորտում հանգեցրել են հեղափոխական կամ համարժեք բնույթի զարգացումների եւ դրականորեն են անդրադարձել մարդկության վրա:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե եւ ադամանդե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից: Նշենք նաեւ,  որ մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից:

Ծրագրի հովանավոր, «Վիվասելլ» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանի խոսքով` համագործակցության առաջին օրվանից հետաքրքրված են մեր երկրի զարգացմանը, ճանաչմանը նպաստելու գործում։ «Այս ծրագիրը թիրախային է, և մենք առաջին իսկ օրվանից այս ծրագրի կողքին ենք: Շատ ենք կարևորում, որ Հայաստանն օրեցօր ավելի ճանաչելի լինի գլոբալ աշխարհում»։

Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ իր հերթին նկատեց, որ այն մարդիկ, ովքեր ընտրվում են որպես մրցանակակիր, իրականում շատ բազմազբաղ են, դրամի խնդիր չունեն, սակայն մեր խնդիրը երկիրը եւ մեր մրցակցային առավելությունները ներկայացնել է եւ այդ մարդկանց ամբողջ աշխարհում Հայաստանի դեսպանները դարձնելը։ «Մրցանակակրին ընտրելիս աշխարհագրության խնդիր չի դրված, այլ այն, թե ընկերություններն այս պահին ՏՏ ոլորտում համաշխարհային ինչ ներդրումներ ունեն»։

Հիշեցնենք նաեւ, որ համաշխարհային ՏՏ մրցանակի առաջին դափնեկիրը «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետն է: Երկրորդ մրցանակակիրը «Apple Computer»  կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդ դափնեկիրը «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկա Ֆաջին, իսկ չորրորդ դափնեկիրը՝ «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button