Հասարակություն

Ջահերով երթ՝ընդդեմ Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Ո՛չ ցեղասպանություններին» նախաձեռնությունը վաղը կազմակերպելու է երթ` դատապարտելու Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածները: 40 ջահակիրները Ազատության հրապարակից կշարժվեն մինչև Ծիծեռնակաբերդ: 40 թիվն էլ խորհրդանշական է. վաղը լրանում է եզդիների նկատմամբ սկսված զանգվածային կոտորածների 40-րդ օրը: Նախաձեռնության անդամներն այսօր լրագրողներին են ներկայացրել նաև Իրաքում տեղի ունեցող այժմյան իրադարձություններն ու Թուրքիայում ապաստանած փախստականների ներկա վիճակը:

Եթե ամբողջ մարդկությունը դատապարտեր հայոց ցեղասպանությունը, ապա 21-րդ դարում չէին կոտորվի եզդիները, հայտարարում են «Ո՛չ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամները և շեշտում՝ միջազգային հանրության դատապարտումն էլ հարցի լուծում չէ: Ձևական հայտարարություններից անցում է պետք գործնական քայլերի: Ցեղասպանության դատապարտման և կանխման հիմնական պատասխանատուն, նախաձեռնության անդամ Սաշա Սուլթանյանի ձևակերպմամբ, ՄԱԿ-ն է, ում քայլերն էլ սահմանափակվում են միայն հումանիտար օգնությամբ: Սաշա Սուլթանյանը կարծում է, որ իրավիճակը կանխելու համար գոնե պետք է պատժամիջոցներ կիրառվեին այն երկրների նկատմամաբ , ովքեր մասնակցություն ունեն զանգվածային կոտորածներին, հետո նոր կազմակերպեին հումանիտար օգնություն, որն էլ այսօր հիմնականում տեղ չի հասնում:

Նախաձեռնության անդամ Խըդըր Հաջոյանը երեկ է հեռախոսազրույց ունեցել Իրաքի եզդի զինվորներից Մուրադ Բարաքյաթի հետ, ով էլ տեղեկացրել է, որ եզդիական 7 գյուղեր հետ են գրավել: Զախոյի տարածքում գտնվող 100 հազարից ավելի փախստականներ այժմ գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, իսկ նրանց ելքն էլ բնակավայրից արգելված է: Նախաձեռնության անդամ Ռուստամ Բաքոյանը վերջերս է վերադարձել թուրք- իրաքյան սահմանից : Նրա տեղեկացմամբ` Բաթմանում փախստականների թիվը հասնում է մոտ 2000-ի, Դիարբեքիրում նրանց թիվն ավելի մեծ է: Բաքոյանի վստահեցմամբ` Թուրքիայում փախստական եզդիները սննդի և դեղորայքի կարիք այլևս չունեն, սակայն գլխավոր հարցը մնում է կացարանը:

Հայաստանից մեկնած ջոկատը վերջիններիս կարիքները մի փոքր թոթափելու համար գնել է 25 վրան: Նախաձեռնության անդամ Ռուստամ Բաքոյանի փոխանցմամբ` եզդիները հայրենիք կվերադառնան միայն մեկ պայմանի դեպքում, եթե եզդիական ջոկատները պաշտպանեն Սինջարը և հարևան ժողովուրդները`արաբներն ու քրդերը չապրեն այդտեղ։ Նախաձեռնությունը համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել օժանադակել Հայաստան գալ ցանկացողներին: Վաղը նախաձեռնությունը կազմակերպելու է ջահերով երթ, որը կմեկնարկի երեկոյան Ազատության հրապարակից: Նախաձեռնությունն իր առաքելությունը չի ավարտելու միայն ջահերով երթով, ասում Սաշա Սուլթանյանը: Այն լինելու է շարունակական և իր անվանը համապատասխան ունենալու է իր գործելաոճը:
Նախատեսվում է երթ կազմակերպել նաև Արցախում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button