Հասարակություն

Յուրաքանչյուր երեք օրում՝ մեկ ինքնասպանություն

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Ավելի քան 800 հազար մարդ ամեն տարի մահանում է ինքնասպանությունից: Յուրաքանչյուր քառասուն վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի մեծ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը: Ներկայացված տվյալները Առողջապահության համաշհարհային կազմակերպությանն են, որը 2003 թվականին սեպտեմբերի 10-ը հռչակեց որպես ինքնասպանությունների կանխարգելման օր: Օրվա թեմային այսօր անդրադարձել են Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանն ու հոգեբանական գիտությունների թեկնածու, ինքնասպանությունների մասնագետ Կամո Վարդանյանը:

Բնակչության թիվն աշխարհում հատել է յոթ միլիարդի սահմանը, բայց ժամանակակից մարդն այսօր ավելի ու ավելի միայնակ է զգում: Դարի հիվանդություն է դեպրեսիան, մեծ տարածում են ստանում հոգեկան տարբեր հիվանդությունները: Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանի՝ ինքնասպանությունների թվով Հայաստանում իրավիճակը մտահոգիչ չէ, բայց աշխարհում տիրող իրավիճակն ու միտումները բավականին մտահոգիչ են, ինչը մեզ ևս պարտադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել ինքնասպանաություների կանխարգելման խնդրին:

Ինքնասպանությունների թիվը հաշվարկվում է հարյուր հազար բնակչին ընկած ցուցանիշով: Եթե յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնում է մինչև 10 –ը ինքնասպանություն, նշանակում է, որ տվյալ հասարակությունը գտնվում է , ինչպես հոգեբանական գիտությունների թեկնածու, ինքնասպանությունների մասնագետ Կամո Վարդանյանն է ձևակերպում, հոգեբանական կոմֆորտի մեջ: Եթե այդ թիվը գերազանցում է տասը, նշանակում է հասարակությունը գտնվում է հոգեբանական լարվածության մեջ: Հայասատանում մեկ օրում իրականացվում է երկու ինքնասպանություն և երկու ինքնասպանությունների փորձ: Միջին ցուցանիշներով յուրաքանչյուր երեք օրում արձանագրվում է մեկ ինքնասպանություն:

Ցուցադրել ավելի
Back to top button