Համախմբվել երգ ու պարով՝ վերադառնալով արմատներին


Հասմիկ Մարտիրոսյան
ՙՌադիոլուր՚
Վերվերի, Փափուռի, Գորանի. ազգագարական պարերի անվանումներ, որոնցից յուրաքանչյուրն ունի նախապատմություն ու խորհուրդ, սակայն այն հիմնականում ազգարագետներին և ազգագրական երգի- պարի հետ առնչություն ունեցող անձանց է հասանելի: Բացը լրացնելու և դպրոցական հասակից ազգայինը սերմանելու նպատակով, որոշում է կայացվել դպրոցներում դասավանդել ազգային պարեր։ ՙԿարին՚ ազգագարական երգի-պարի համույթն էլ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը բացօթյա դասընթացներ է անցկացնում։ Այս կերպ ազգային պարը բեմց իջնում է մեր կյանք։
Սեպտեմբերի 30-ին ազգագրական երգի-պարի նվիրյալների շնորհիվ` երգիչ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ՙԿարին՚ ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի, ՙԱկունքի՚ ղեկավար Սարգիս Ալավերդյանի, ՙՍասունի՚ ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի աջակցությամբ՝ Գաֆեսճյան կենտրոնում տեղի կունենա ՙԳութան՚ ազգագրական երգի-պարի փառատոնը։ ՙՄեր նպատական է սեպտեմբերի 30-ը դարձնել ազգագարական երգի ու պարի տոն, ու փառատոնի կազմակերպմամբ փորձ կարվի պահպանել հայի տեսակը՚՜- ասում է Արսեն Գրիգորյանը։
ՙԱկունք՚ ազգագրական երգի- պարի համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանն էլ կարևորելով փառատոնի իրականացումն ու կազմակերպումը, նկատում է, որ այսօր այնպես չէ, որ ազգային երգն ու պարը հետ են մղվել։ Ուշադրություն դարձվում է, ու այս փառատոնի կազմակերպումն ու շարունակակությունը նույնպես դրա ապացույցն է: ՚Սասունՙ ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն էլ, ով մշատապես հայ ազգային ավանդույթների պահպանողն ու կրողն է եղել, և ներկայումս էլ փոխանցողների ջատագովն է, շեշտում է, հայը չի կարող հեռանալ իր արմատներից, ու պարտավոր է անգամ դժվար պայմաններում մնալ հայ ու մտածել հայեցի:
Ազգային արվեստի դեսպաններն այսօր վստահեցրեցին, որ սեպտեմբերի 30-ին կազմակերպվելիք միջոցառումը կվերածվի տոնի` երգ ու պարի միջոցով պատմական Կիլիկիա-Արցախ-Անկախ Հայաստան եռաչափ համագործակցության: