Քաղաքական

Կիրո Մանոյան. Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցության խոչընդոտները վերացված են

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն սկսել են ավելի հաճախ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ և նախաձեռնությամբ: Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցած բանակցություններից մեկ ամիս անց Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կրկին կհանդիպեն արդեն Փարիզում իրենց ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:

Այնուամենայնիվ՝ այս շփումների արդյունավետության վերաբերյալ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը բավականին թերահավատորեն է վերաբերվում։ «Այս հանդիպումներից հետո Ադրբեջանը, դժվար թե փոխի իր կեցվածքը: Ամեն դեպքում՝ միջնորդ պետությունները փորձում են նվազեցնել պատերազմի հավանականությունը»,- կարծում է բանախոսը:

Անդրադառնալով նախօրեին Հունաստանի խորհդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Կիրո Մանոյանը ողջունեց այդ քայլը, միևնույն ժամանակ հիշեցնելով Շվեյցարիայի փորձը նմանատիպ օրենքի ընդունումից հետո, որի օրինականության հարցը քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությունն այլևս չի հետաձգվի և իրականություն կդառնա հոկտեմբերին: Ըստ նրա՝ այս քայլի իրականացման համար նախկինում եղած խոչընդոտները կարծես թե վերացված են:

Անդրադառնալով Հռոմի պապի Հայաստան տարեվերջին սպասավելիք այցի մասին տարածված լրատվությանը՝ Կիրո Մանոյանը նկատեց, որ դեռևս հայկական կողմը չի հաստատել այն: Միևնույմն ժամանակ բանախոսը բարձր է գնահատել կաթոլիկ հովվապետի՝  Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման նկատմամբ դիրքորոշումը։

Ցուցադրել ավելի
Back to top button