Քաղաքական

Ընդդիմությունն այդ հանրահավաքում ասելիք չի ունենա. Ստեփան Սաֆարյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ներքաղաքական կյանքում որոշակի սպասումներ են ձեւավորվել` քառյակի հետաձգված հանրահավաքի հետ կապված: Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ ընդդիմությունն այդ հանրահավաքում ասելիք չի ունենա, բացի նրանից, որ ուզում է ինչ-որ բան անել, իսկ թե ինչ է արվելու, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, անգամ քառյակի համար պարզ չէ: Քաղաքական աշնան մասին իր դիտարկումներն Ստեփան Սաֆարյանն այսօր ներկայացրել է լրագրողներին:

 

Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ` դեռեւս գարնանը ՀԱԿ առաջնորդի հարցազրույցը որոշակիորեն լույս է սփռում հարցի վրա, թե ինչպիսի աշուն է լինելու, կամ ընդհանրապես ինչ է լինելու: «Նկատենք, որ Տեր-Պետրոսյանը իր եւ ՀԱԿ-ի ակտիվությունը կապում է սպասվող սահմանադրական հանրաքվեի հետ, իսկ քանի որ հանրաքվեն տեղի է ունենալու 2016 թվականին, բնականաբար, կարելի է ասել, որ թիրախում հենց դա է եւ այդ ընթացքում առավելապես ուշադրությունը կենտրոնացվելու է հենց դրա վրա»:

Վերլուծաբանի գնահատմամբ` դա իր պատճառներն ունի, որոնցից Ստեփան Սաֆարյանն առանձնացրեց նախեւառաջ այն հանգամանքը, որ քառյակը խուսափել եւ խուսափելու է այս կառավարության հրաժարականի պահանջը դնելուց: «Պատճառների մեջ չխորանանք, բայց, քանի դեռ խնդիր է նաեւ նախագահի հրաժարական պահանջելը, հետեւաբար ոչինչ չի մնում, քան զարգացումները սահմանադրական փոփոխությունների հետ կապելը: Չեմ ասում, թե քառյակի քաղաքական ուժերի համար սա ոչ պակաս կարեւոր խնդիր է: Ճիշտ հակառակը` արձագանքները, որոնք այս թեմայով մենք ունեցանք 1-ին եւ 2-րդ նախագահից, ինքնին խոսուն են: Դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն, կարծեք թե, սահմանադրական փոփոխություններով փոխում են խաղի կանոն, որը չի մտնում ամենեւին քառյակը կազմող ուժերի պլանների մեջ»:

Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ քառյակի առնվազն երկու ուժերի` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համար չափազանց կարեւոր է դարձել այդ խաղի կանոնի փոփոխության թույլ չտալը: Հենց այս առումով էլ զարգացումներ կարելի է սպասել` հավելեց բանախոսը` ոչ պատահական համարելով այն հանգամանքը, որ հենց սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ էլ սրվեցին հարաբերություններ քառյակի ներսում: Այս հարցով էլ քառյակի ներսում կա ճգնաժամ` բնութագրեց Ստեփան Սաֆարյանը` նկատելով նաեւ, որ չկան այլ միավորող խնդիրներ:

Ցուցադրել ավելի
Back to top button