Հասարակություն

ԵՊՀ-ն տոնում է իր 95 ամյակը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ-ն այսօր տոնում է բուհի պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95 ամյակը: Տոնական միջոցառումների շրջանակներում օրվա ընթացքում տեղի է ունեցել ցուցահանդես և հանդիսավոր նիստ: Հրավիրված էին ֆակուլտետների շրջանավարտներն ու պրոֆեսորադասախոսական ներկայիս և նախկին անձնակազմերը: Հոբելյանի առթիվ ֆակուլտետներ էր այցելել և ցուցահանդեսը դիտել նաև ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մայր բուհում այսօր տոն էր: Նշում էին մայր բուհի երկու հիմնադիր ֆակուլտետների 95 ամյակը: Միջոցառումների շարքը մեկնարկեց Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, հայտնի մտավորականների շիրիմներին ծաղիկներ դնելով: Ավելի ուշ բուհում բացվեց հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրվեցին Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետների դասախոսների հեղինակած գրքրերը, դասախոսությունները, մենագրություններ, լուսանկարներ, արխիվային նյութեր: Չնայած այդ տարիների բոլոր դժվարություններին` 95 տարի առաջ դրվեց ոչ միայն ԵՊՀ-ի հիմքը, այլև կայացան Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետները, հոբելյանական միջոցառմանը նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Պատմության ֆակուտետը գործում է ԵՊՀ-ի հիմնադրման օրվանից: Սակայն մինչև առանձին ֆակուլտետ դառնալը, Պատմության ամբիոնը գործել է որպես Պատմալեզվագրական ֆակուլտետի բաժին, Հասարակագիտական բաժանմունքի ենթաբաժին: Այսօր արդեն հիշելով ֆակուլտետի հիմնադիրներին` Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որ հենց նրանք են ստեղծել և կայացրել համալսարանի անդրանիկ ֆակուլտետներից մեկը:

Պատմության ֆակուլտետը հիմնադրման օրվանից մինչ օրս տվել է ավելի քան 8000 շրջանավարտ, ովքեր այսօր աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական կյանքի և այլ բնագավառներում: Համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է նաև Հայ բանասիրության ֆակուլտետը, որի հիմքի վրա ն կազմավորվել այսօրվա Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Ինչպես Պատմության, այնպես էլ Հայ բանասիրության ֆակուլտետում առաջնային է համարվել որակյալ կադրերի պատրաստումը: Ֆակուլտետների շրջանավարտեներից շատերն այժմ զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, հասարակական-քաղաքական գործիչներ են և ղեկավարում են գիտակրթական հիմնարկներ:

Ցուցադրել ավելի
Back to top button