Հասարակություն

Արամի փողոցի խաբված բնակիչներն այսօր տոնել են բնակարանամուտ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Խարդախության զոհ դարձած մի խումբ երևանցիներ այսօր բնակարանամուտ են տոնել: Այս ընտանիքները մայրաքաղաքի  Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի ձախողած կառուցապատման ծրագրից տուժած ընտանիքներն են: Նրանք բնակարաններ են ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվա ծ միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա ու  ՀՀ կառավարության որոշմամբ: Այսօր բնակարանամուտ է տոնել 476 ընտանիք: Նորակառույց շենքի բացմանը ներկա է եղել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաք Երևան, Ծիծեռնակաբերդի ½,  բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենք, որտեղ բնակվելու են անբարեխիղճ կառուցապատողի ոկղմից առանց բնակարանի մնացած Արամի 72-80 հասցեների բնակիչները: Տեղեկացնենք, որ 2011 թ. դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քրեական գործ էր հարուցվել Արամի 72-80 հասցեներում կառուցվող շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով 2005-2011 թվականների ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով խարդախությամբ մեծ գումարների հափշտակման կապակցությամբ: Ըստ այդմ՝ շենքում առկա մոտ 21000 քմ մակերեսի դիմաց, 2005-2011 թվականների ընթացքում տվյալ շենքի կառուցապատող հանդիսացող «Գապբնակշին» ՍՊԸ-ն վաճառել էր 53000 քառ. մետր, ընդ որում, քրեական գործի հարուցման պահին տվյալ շենքն անավարտ էր ու շահագործման ոչ ենթակա:

Այս ամենին զուգահեռ՝ «Գապբնակշին» ՍՊԸ- ի պատասխանատուները արհեստականորեն Արամի շենք էին տեղափոխել նաև իրենց կողմից կիսավարտ կամ դեռևս շինարարությունը չսկսված այլ շենքերի գնորդների և իրացվող տարածքների սեփականատերերի: Այդպիսով՝ մեկ բնակարանը վաճառվել էր ընդհուպ մինչև 8 գնորդի: Արդյունքում՝ շուրջ 476 ընտանիք կանգնած էր բնակարանի ձեռքբերման համար վճարած գումարները կորցնելու շեմին:

Կար ՀՀ նախագահի հատուկ հանձարարականը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որի առաջարկությունների հիման վրա էլ մշակվեցին  քաղաքացիներին ստեղծխված իրավիճակից դուրս գալու միջոցառումներ: «Քաղաքացիները ճարահատյալ դիմել էին ՀՀ նախագահին: ՀՀ նախագահի կողմից հանձնարարական եղավ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որի համար իրականում խնդիրը բարդ էր, քանի որ սովորական ստանդարտ լուծում չէր և ոչ ստանդարտ լուծումով մենք կարողանաք 476 ընտանիքի հարց լուծել»,- ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հանձնաժողովը 2012թ. հուլիսից բանակցություններ էր  վարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ՝ Դալմայի անավարտ շինարարության ձեռք բերման շուրջ: Բանակցությունները բարեհաջող ավարտ ունեցան,  արդեն 2012թ. դեկտեմբերի վերջին ՎԶԵԲ-ի և «Լոգիկոն» մասնագիտացված խորհրդատվական ընկերության միջև կնքվեց Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցվող շենքի ձեռքբերման գործարքը, որի արդյունքում 2013թ. մարտից վերսկսվեցին  կիսակառույց այդ շենքի շինարարական աշխատանքները: Դրանք այժմ  ավարտված են, և շենքն էլ  հանձնվեց շահագործման։

Շահառուները բառեր չեն գտնում, նրանք կորցրել էին սեփական բնակարան ունենալու վերջին հույսը, այսօր սակայն, բնակարանատեր են դարձել։ «Իհարկե՝ ուրախ ենք, շնորհակալ ենք, տասը տարի պայքարեցինք, շատերը մահացան, մնացել է պայքարողների 30 տոկոսը»,- ասում են։

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այնքան էլ վստահ  չէ,  որ սա նախադեպ կլինի ու մյուսների բնակարանների խնդիրներն էլ կլուծվեն: «Դեռ պատգամավոր եղած ժամանակ շատ պայքարեցինք, և բողոքի արդյունքում առողջացման այս ծրագիրը մշակեցինք: Ես էլ էի այդ հանձնաժողովի անդամ: Խաբված բնակիչներից շատերը այսօր բնակարան են ստանում»,- ասում է։

Այսպիսով՝ 476 ընտանիքի խնդիր  ամբողջությամբ կարգավորված է: Հիշեցնենք՝ դեռ կան հասցեներ, որոնց բնակիչները  դեռ շարունակում են պայքարել՝ հուսալով, որ մի օր էլ իրենց բնակարանի հարցն է լուծվելու։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ «եւս 290 ընտանիքի խնդիր ունենք Կոնդ թաղամասում, Բուզանդի փողոցում, Ֆիրդուսի թաղամասում: Հանձնաժողովը քննարկում է, թե ինչ մոդել կիրառենք: Հիմա հանձնաժողովը քննարկում է, որ նոր ներդրողներ գտնենք, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»։

Ցուցադրել ավելի
Back to top button