

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ այսօրվա նիստը մեկնարկել է խորհրդարանում երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պատգամավորների հայտարարություններով: Երեկ ԱԺ բակում, հիշեցնենք, հերթական բախումն էր գրանցվել լրագրողների ու խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև: «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը ԱԺ անվտանգության աշխատակցի կողմից կոպիտ միջամտությամբ խոչընդոտվել էր: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նախագահին առաջարկել է ծառայողական քննություն սկսել, իսկ «Ժառանգության» քարտուղար Թևան Պողոսյանը հանդուրժողականության թեմայով վերապատրաստում անցկացնելու խնդիր է բարձրացրել։
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինայանը ԱԺ նախագահին կոչ է անում ծառայողական քննություն սկսել խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Նահապետյանի նկատմամբ, քանի որ վերջինը խոչընդոտել է լրագրող մասնագիտական պարտականությունների կատարմանը: Երեկ, հիշեցնեմ, խորհրդարանում հերթական միջադեպն էր գրանցվել լրագրողի և անվտանգության աշխատակցի միջև:
«Հակահարված» խմբի անդամները երեկ պլակատ էին փակցրել ԱԺ դարպասներին, «Ա1+»- ի լրագրողը փորձել էր նկարահանել, ԱԺ անվտանգության ծառայության պետը կոպիտ միջամտությամբ խոչընդոտել էր լրագրողի աշխատանքը։ «Կարծում եմ՝ սա լուրջ իրավախախտում է և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Պարոն Սահակյան, տեղին կլինի, եթե դուք այդ առիթով հանձնարարեք ծառայողական քննություն սկսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Տեղի ունեցածը դատապարտելի է համարում նաև «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նրա կարծիքով՝ անվտանգության աշխատակցի վարքագիծն ագրեսիայի դրսևորում է: Պատգամավորն առաջարկում է վերապատրաստման դասեր կազմակերպել հանդուրժողականության թեմայով: «Պատրաստ եմ ինքս վերապատրաստման նման դասընթաց կազմակերպել»։
Իսկ օրենսդրական քնննարկումների կենտրոնում այսօր այն քաղաքացիների խնդիրներն էին, ովքեր երթևեկության կանոններ են խախել և պատշաճ չեն ծանուցվել: Ազգային ժողովն այսօր 112 «կողմ», 0 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է և որով հստակեցվում է երթևեկության կանոնների խախտումների մասին իրազեկման գործող ընթացակարգը, ավելի ստույգ սահմանվում է պատշաճ ծանուցման կարգ։
Խնդիրն այն է, որ իրազեկման գործող ընթացակարգի համաձայն՝ վարորդը համարվում է իրազեկված այն պահից, երբ Ճանապարհային ոստիկանությունը նրան է ուղարկում խախտման մասին ծանուցումը՝ անկախ հանգամանքից այդ ծանուցումը նրան հասավ, թե՝ ոչ: Իսկ քաղաքացիներից շատերը, հաճախ իրազեկված չլինելով կայացված որոշումների մասին, հնարավորություն չեն ունենում բողոքարկելու դրանք: Արդյունքում՝ ուշացումների համար ավելանում է որոշմամբ սահմանված տուգանքի չափը։
Շատ ավելի բարդ իրավիճակում են հայտնվել այն քաղաքացիները, ովքեր տուգանքները չեն վճարել և ԴԱՀԿ-ն, ոստիկանության դիմումների հիման վրա, կալանք է դրել նրանց բանկային հաշիվների վրա: Այս խնդիրը լուծելուն է կոչված օրենսդրական երկրորդ նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են դրամական միջոցների վրա դրված արգելանքը սահմանափակել միայն այն չափով, որքան տուգանքի չափն է: Այժմ այդ արգելքը դրվում է դրամական միջոցների ողջ ծավալի վրա։
Հիշեցնեմ, որ այս հարցը քննարկվելու է նաև Սահմանադրական դատարանում, քանի որ շատերի կարծիքով առանց դատարանի որոշման քաղաքացու դրամական միջոցների վրա արգելանք դնելը Սահմանադրության խախտում է: Դիմումը ներկայացվել է Մարդու իրավուքների պաշտպանի կողմից, քննությունը նշանակված է նոյեմբերի 25-ին: Մինչ ՍԴ որոշումը, պատգամավորները փորձում են լուծում տալ խնդրին։ Հարցը հրատապ է համարվել , ինչը նշանակում է, որ այն կքննարկվի հատուկ կարգով և երկրորդ ընթերցմամբ քվերակությունը կկազմակերպվի 24-ժամյա ռեժիմով։
Ի դեպ՝ պատգամավորների՝ հարցը լուծելու մտահոգությունն այնքան մեծ է, որ նույն խնդրով երկու օրենսդրական փաթեթ է հեղինակվել ՝ մեկը հանրապետական պատգամավորների, մյուսը ՝ՕԵԿ-ի կողմից: Երկու փաթեթներն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել, բայց նիստերի դահլիճում առայժմ քննարկվել է միայն ՀՀԿ-ի հեղինակածը, իսկ ՕԵԿ-ը կարծում է, որ իր փաթեթն ավելի ամբողջական լուծում է տալիս խնդրին: ՕԵԿ –ը թեև վերապահում ունի, բայց ԱԺ մյուս խմբակցությունները համամիտ են նաև ՀՀԿ-ի կողմից առաջարկվող մասնակի լուծմանը: Դրա մասին վկայում են այսօր արտահայտած դիրքորոշումները, իսկ քվեարկությունը նախատեսվում է վաղը: