Հասարակություն

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՊՆ-ի, ԵԿՄ-ի և ԿԳՆ-ի միջև

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության պատշաճ իրականացումը ՊՆ-ի, ԿԳ նախարարության եւ ԵԿՄ-ի համատեղ հոգածության ներքո. կրթական եւ պաշտպանական գերատեսչությունների ու Երկրապահ կամավորականների միության ղեկավարներն այդ մասին այսօր Պաշտպանության նախարարությունում ստորագրել են հուշագիր:

Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության խնդիրը կարեւոր է մեր նորագույն պատմության մեջ` նկատեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` արդյունքների համար համատեղ աշխատանք է անհրաժեշտ: Տարիների ընթացքում բավականին լուրջ հիմք է ստեղծվել, որ այսօր մեր մատաղ սերունդն արդեն իսկ համակարգված կերպով մտնի ընդհանուր դաստիարակչական համակարգի մեջ, եւ այն ռազմահայրենասիրական դաստիարակության հատկանիշները, որոնք անհրաժեշտ են, պատշաճ կերպով փոխանցվի նրանց` կարծիք հայտնեց պաշտպանության նախարարը:

«Մեր ռազմական դոկտրինայի մեջ հայրենասիրական եւ հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը որպես սպառնալիք է, որովհետեւ եթե գաղափարի շուրջ չեն համախմբված բոլորը, մանավանդ` մեր երիտասարդները, ապա մեր հայրենիքի պաշտպանության գործը չի կարող պատշաճ մակարդակով իրականացվել»:

Տարիների ընթացքում ոչ միայն դպրոցի ու ՊՆ-ի իրականացրած աշխատանքներն են բավականին ու բազմազան եղել, այլ նաեւ` ԵԿՄ-ի կողմից կատարվածները: Պաշտպանության նախարարն արձանագրեց, որ պատանի ու երիտասարդ երկրապահների ակումբների ստեղծումը բավականին լուրջ մակարդակի վրա է, ուստի քննարկումների արդյունքում եւ նախագահի հանձնարարականով ձեւավորվել է փաստաթուղթ, որը ներդնելով կրթական համակարգում, ավելի մեծ արդյունքներ կարելի է ակնկալել: Համաձայն հուշագրի, կրթական օջախներում կստեղծվեն պատանի ու երիտասարդ երկրապահների ակումբներ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթական ոլորտում արդիականացման անհրաժեշտություն ունի: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, իր հերթին այս ոլորտում հարուստ փորձ է կուտակել ԵԿՄ-ն` իր կողմից մշակած ակումբների եւ մեթոդաբանության գործածությամբ: Ջանքերը մեկտեղելու խնդիր կա:

«Բոլորիս ջանքերը մեկտեղելու հերթական հանգրվանն է սա, որն ունի նաեւ առավել լայն հանրային ընկալման եւ ներգրավման կարիք: Շատ ուրախ ենք, որ կարճ ժամանակահատվածում, ունենալով գրեթե կատարյալ կոնսեսուս, մոտեցումների լիարժեք համընկնում ԵԿՄ-ի եւ ՊՆ-ի հետ, մենք կարող ենք այսօր ազդարարել նոր ծրագրի մեկնարկ: Ծրագիր, որն, ի դեպ, իր կարեւորությամբ ընդգծվել է նաեւ Պետական բյուջեի նախագծում»:

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն արձանագրեց, որ հենց դպրոցից են սկսվում հայրենիքի պաշտպանության խրամատները: Նա նույնպես անչափ կարեւորեց համատեղ աշխատանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button