Հասարակություն

ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին կներկայացվի սեպտեմբերի 19-21-ը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մինչ քաղաքական ընդդիմադիր ուժերը իշխանություններից փորձում են ստանալ հարցի պատասխանը, թե արդյոք, այժմ Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ժամանակն է, ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը արդեն մեկ տարի է աշխատում է: Փաստաթղթի հայեցակարգի նախագիծը Վենետիկի հանձնաժողով կներկայացվի, ու սեպտեմբերի 19, 20, 21-ին կքննարկվի Փարիզում: Քննարկումներին կմասնակցեն նաև Սահմանադրական բարեոխումների հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն այսօր հույս է հայտնել, որ քննարկումներից հետո արդեն հայեցակարցի նախագիծն այն տեսքը կունենա, որը կհաստատվի ու հոկտեմբերի 15-ին կներկայացվի ՀՀ նախագահին: «Խորհրդարանական կառավարման ձևն ուղղակի ենթադրում է համամասնական ընտրակակարգ»,- նշել է Գևորգ Դանիելյանը: «Սպասելիքները հատկապես քաղաքական քննարկումների կտրվածքով բավարար չափով չեն արդարացել»,- հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամն ու նշել, որ բանավեճը մասնագիտական հարթություն չի տեղափոխվել առայժմ, զուտ քաղաքական քննարկումներ են տեղի ունեցել: Նա նաև հայտարարել է, որ բարեփոխումների անցկացման ժամանակի վերաբերյալ որևէ հակափաստարկ չի հնչել: Անկեղծանալով, Գևորգ Դանիելյանը հայտարարել է նաև, որ հանձնաժողովում բոլոր հարցերը չէ, որ միանշանակ են ընդունվել: Հանձնաժողովում, օրինակ, դեռ փորձում են հասկանալ դատական երկաստիճան, թե եռաստիճան համակարգն է ավելի արդյունավետ:

Սեպտեմբերի 19,20,21 , հանդիպման վայրը՝ Փարիզ, հանդիպում և քննարկում՝ Վենետիկի հանձնաժողովում, քննարկման առանցքում ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծն է լինելու: Փարիզ կմեկնի ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը,որի անդամ Գևորգ Դանիելյանը հույս ունի, որ քննարկումներից հետո արդեն հայեցակարցի նախագիծը կհաստատվի ու հոկտեմբերի 15-ին կներկայացվի ՀՀ նախագահին: Մինչ այդ, սակայն, նրանք ևս մեկ քննարկման կմասնակցեն՝ սեպտեմբերի 16-ին Ժառանգություն կուսակցությունն է քննարկում կազմակերպել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ, որին կմասնակցի նաև Գևորգ Դանիելյանը: Վերջինս այսօր հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը արմատապես կփոխվի: Դանիելյանը տեղեկացրեց, որ նոր նախագծում այլընտրանքային տարբերակներ գրեթե չկան, իհարկե կան հարցեր, որոնց հետ կապված միանշանակ դիրքորոշում չկար, հանձնաժողովը տարբեր մոտեցումներ ուներ, թողել են այլընտրանքային տարբերակով, որպեսզի մասնագիտական լսարաններում, հանրային քննարկումների ժամանակ, ևս կարողանան կողմնորոշվել, մասամբ դա իրենց հաջողվել է: Մնացած հարցերի համար դեռ ժամանակ ունեն: Հանձնաժողովն օրինակ, միասնական դիրքորոշում չունի՝ դատական երկաստիճան, թե՞ եռաստիճան համակարգն է ավելի արդյունավետ:

«Հանձնաժողովի անդամերի մեծամասնությունը գտնում է, որ առավել հիմնավորված տարբերակ է եռաստիճան, այսինքն գործող դատական համակարգը, բայց հանձնաժողովում դեռևս կան անդամներ, որոնք ենթադրում են, որ երկաստիճան դատական համակարգը կնպաստի արդարադատության բարձարցմանը: Խոսքը նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին է, մինչև 2005թ Սահմանադրությունը մենք ունեցել ենք այս ինստիտուտը: Մենք գտնում ենք, որ այնուամենայնիվ կարելի է Սահմանադրությամբ նախատեսել այսպիսի դրույթ և օրենսդիրը ինքը կարող է որոշել դրա անհրաժեշտություն կա, թե ոչ: Բնականաբար, սա ոչ բոլոր գործերին կվերաբերի, և տարեկան մենք ընդամենը կունենանք մոտ 30 քրեական գործ, որոնցով երդվյալ ատեանակալների անհրաժեշտությունն իսկապես կլինի»:

Նախագծով էլ ավելի կընդլայնվեն մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների շրջանակը, նրանց պաշտպանության ընթացակարգերը, Խորհրդարանի՝ հատկապես վերահսկողական բնույթի լիազորություններն են ընդլայնվել, «Խորհրդարանական կառավարման անցնելիս ԱԺ-ն հազիվ թե ի վիճակի լինի կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնել»,-ընդդիմախոսների այս մոտեցումը Գևորգ Դանիելյանը թյուր ըմբռնում է համարում ու պարզաբանում այլ երկրների փորձով՝
«Դուք չեք կարող բերել մի երկիր, որը լինի խորհրադարանական կառավարման ձևով իրականացվող և որտեղ բացառվի վերահսկողությունը: Ճիշտ հակառակը, այս երկրներում վերահսկողությունն ավելի առարկայական է: Թող այն տպավորությունը չլինի, որ եթե ընդունենք միևնույն քաղաքական ուժը միաժամանակ քաղաքական մեծամասնություն է ունենում խորհրդարանում, և ինքն էլ կառավարություն է կազմում, չի կարող լինել վերահսկողություն: Ընդհակառակը ելակետ ենք ընդունում այն, որ ցանկացած իշխանության ճյուղ, եթե ունի որոշակի լիազորություններ, ապա դրան համապատասխան պետք է ունենա պատասխանատվություն, ինչը այս դեպքում, ցավոք, մեր գործող Սահմանադրությունում բավարար չափով չկա»:

Բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ կմիանա այնպիսի միջազգային կազմակերպությունների, որի արդյունքում այս կամ այն չափով տեղի կունենա ինքնիշխանության սահմանափակում, այս հարցերը կարող են քննարկման դրվել և ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով: Այս առաջարկությունը միաձայն են ընդունել, թե հանձնաժողովի բոլոր անդամերը, և թե քաղաքական ուժերը: «Իսկապես բոլորն էլ գտնում են, որ պետության ինքնիշխանությունը չափազանց կարևոր ինտիտուտ է, և դրա պահպանման երաշխիքների ընդլայնման կարիք այսօր մենք ունենք»:

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի անձնական կարծիքով Սահմանադրական բարեփոխումները բարեհաջող ավարտ կունենան:

Ցուցադրել ավելի
Back to top button