ԿարևորՔաղաքական

Սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ քառյակը համաձայնության չի գալիս

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական ընդդիմադիր քառյակը եռյակ դեռ չի դառնում, թեեւ սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնություններ կան: Այսօր  1 ժամ 40 րոպե տեւած նիստի ընթացքում քառյակին հաջողվել է համաձայնության գալ 8 հարցից 7-ի շուրջ: Կողմերը համաձայնության չեն եկել իշխանության նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Դաշնակցությունը կողմ է, մնացածը՝ դեմ: Սակայն, սա դեռ պատճառ չդարձավ, որ քառյակը պառակտվի:

«Իհարկե՝ չափազանցված են լուրերը պառակտվելու մասին: Քառյակ է այնքանով, քանի չորս քաղաքական ուժ համաձայնվում են ինչ- որ բան անել: Հիմա այս 7 կետով համաձայնվել ենք ինչ- որ բան անել, ուրեմն քառյակը այդ 7 կետով քառյակ է: Այն մի կետով, այո, տարբերություն կա, որ մեր մոտեցումներ չեն համապատասխանում: Բայց այդպիսի բազմաթիվ այլ կետեր էլ կան։ Այնպես չէ, որ մենակ այս հարցն է: Ամեն մեկը, բնականաբար, պետք է հարգի մյուսի տեսակետները»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Կենսաթոշակների կուտակային բաղադրիչի հարցով ՍԴ դիմելու առնչությամբ թեեւ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի սպասելիքները շատ չեն, բայց այս հարցում այդ ուժերն այնքան էլ սկզբունքային չէին, ինչպես դաշնակցությունը՝ նախորդ հարցի կապակցությամբ: Չորսն էլ համաձայնության են եկել կուտակայինի հարցով դիմել ՍԴ: Երբ փաստաթղթերը պատրաստ կլինեն, այն ժամանակ էլ կդիմեն: Առայժմ օրակարգում է նաեւ միասնական հանրահավաք կազմակերպելու հարցը, բայց ժամկետների առումով կրկին տարաձայնություններ կան ու դեռ ոչինչ չի հստակեցվել:

Փոխարենը պատրաստվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակը` խորհրդարանական լսումներ կազմակերպելու պահանջով։ «Խորհրդարանական լսումներ «Արտագաղթ. իրավիճակը, պատճառները, լուծումները» թեմայով: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է 212 հազար մարդ` հասնելով տարեկան միջինը 41 հազարի: Այսպիսով, իսկապես գործ ունենք աղետալի չափերի հասնող, երկրի անվտանգությանը, պաշտպանողունակությանը եւ զարգացմանը սպառնացող լայնածավալ արտագաղթի երեւույթի հետ»,- ասում է Ռուստամյանը։

Քառյակն անդրադարձել է նաեւ իշխանությանն առաջարկված հայտնի 12 կետերի կատարմանը, բայց դեռ չի ամփոփել, քանի որ իշխանությանը տվել էին ժամկետ մինչեւ սեպտեմբերի 30- ը։ Իշխանությունից դժգոհելու առիթ, սակայն, ԲՀԿ-ն այսօր ունեցավ` «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների քվեարկության ժամանակ: ԲՀԿ-ն դեմ էր այս նախագծին եւ սկզբունքորեն չմասնակցեց քվեարկությանը, բայց մինչ այդ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «արատավոր ավանդույթները շարունակվում են: Քանիցս ասել ենք, որ փորձ չարվի առանց լրջագույն քննարկումների մի քանի ժամ առաջ ԱԺ ուղարկվի նախագծեր»։

«Ես համաիտ եմ եւ կաշխատեմ կառավարության հետ միասին, որպեսզի հապշտապ որեւէ օրենք Աժ քննարկմանը չդրվի»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ասածն ուղղված չէր կոնկրետ օրինագծին: Այն ասվեց ընդհանրապես:

Գալուստ Սահակյանն այսօր փորձեց աշխատանքային ճիշտ հունի մեջ գցել նաեւ պատգամավորներին, որոնց հարցերի եւ մեկնաբանությունների պատճառով մի օրինագծի քննարկումը տեւեց գրեթե մեկ օր։ Խոսքը երեկվանից մեկնարկած «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին է, որի քննարկման համար կրկին սահմանվել է հրատապության` 24-ժամյա ռեժիմ:

Նախագծով փորձ է արվում կարգավորել արագաչափերի եւ կարմիր նշագրումներով ավտոկանգառների կանոնների խախտումների դեպքում ավտովարորդներին տուգանքների փոխանցելու ձեւն ու կարգը: Պատգամավորներն այսօր իրենց աշխատանքն ավարտեցին մեկ ժամվա ընթացքում հայտարարություններ անելով: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կրկին դժգոհեց Սահմանադրական փոփոխությունների գործընթացից։ «Ասում են, որ փաստարկիներ չկան, այդ փաստարկները շատ ու շատ են, բայհց մի բան հստակ է` այս կարեւորագույն փաստաթուղթը կարող է ծանր իրավիճակ ստեղծել պետության եւ քաղաքական կյանքում: Իշխանություններին կոչ եմ անում հետ կանգնել այդ բավականին վտանգավոր նախաձեռնությունից»։

« Ընդունեցինք ի գիտություն»,- արձագանքեց ԱԺ նախագահը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button