Մանկական ուղեղային կաթվածը ողբերգություն չէ, ասում է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության նախագահը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն 2- րդ տարին զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով հիվանդ մոտ 140 փոքրիկների և նրանց մայրերի հիմնախնդիրներով: Այս կազմակերպության շնորհիվ՝ այս երեխաներն ստանում են վերականգնողական անհրաժեշտ բուժում և կազմակերպության նպատակներից է նրանց դարձնել հասարակության լիիրավ անդամ: Այսօր արդեն «Հայ մայրեր» հկ-ն հիմնել է «Երազի տուն» ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնը, որտեղ լոգոպեդի, մանկավարժ- հոգեբանի ծառայություններից կարող են օգտվել ինչպես մանկական ուղեղային կաթվածով հիվանդ, այնպես էլ այլ խնդիրներ ունեցող երեխաները:
Հիպոթերապիա, արտթերապիա, հիդրոթերապիա. բուժումն այս կենտրոնում լինելու է բարեգործական հիմունքներով, յուրաքանչյուր երեխայի էլ ցուցաբերվելու է անհատական մոտեցում:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանն աջակցում է այս կենտրոն հաճախող միայնակ մայրերին։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնի 17 անապահով ընտանիքների երեխաներն անվճար կստանա արտթերապիա: Սակայն այս երեխաների հանդեպ պետական հոգածությունից բացի կա նաեւ բարեգործական ֆինանսավորում։
Սեպտեմբերի 8-ին «Ջամբո» համալիրում հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվել էր բարեգործական համերգ, իսկ ստացված հասույթն էլ տրամադրվել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությանը:
Մանկական ուղեղային կաթվածը ողբերգություն չէ, այլ կյանքի փորձություն, և ժամանակին կատարված համալիր վերականգնողական բուժման դեպքում այս փոքրիկները կարող են ապրել լիարժեք կյանքով, վստահ է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահը Նարինե Մանուկյանը։