Հասարակություն

Մայր Աթոռի ներկայացուցիչները մասնակցել են «Ռենովաբիս»-ի 18-րդ միջազգային համագումարին

Ֆրայզինգում (Հարավային Գերմանիա) սեպտեմբերի 3-5-ը տեղի է ունեցել «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 18-րդ միջազգային համագումարը` «Եկեղեցի, լրատվամիջոցներ, հանրային կարծիք» խորագրի ներքո: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համագումարին մասնակցել են 350 ներկայացուցիչներ 30 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն
պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համագումարին ներկա են եղել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և
Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը:

Համագումարի ընթացքում քննարկվել են եկեղեցական մամուլին և դրա զարգացմանը, ԶԼՄ-ների հետ եկեղեցու արդյունավետ համագործակցության ուղիներին վերաբերող հարցեր: Մասնավոր
անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչպես է եկեղեցին ընկալվում և ներկայացվում լրատվամիջոցների կողմից: «Իրավիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայի շրջանակներում համագումարը քննարկել է նաև լրատվամիջոցների էթիկային, մամուլի ազատությանը և նոր լրատվամիջոցներին առնչվող խնդիրներ: Համագումարի օրերին Հայ եկեղեցու ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել «Ռենովաբիսի» ղեկավարների հետ` ձևավորված համագործակցության առավել ընդլայնման և արդյունավորման նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button