Տնտեսական

Հայկական տոնավաճառ՝ Մոսկվայում

Մոսկվայի Գյուղատնտեսության նվաճումների ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել հայկական տոնավաճառի պաշտոնական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի պաշտոնատար անձինք, Մոսկվայի համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու մոսկվաբնակներ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տոնավաճառը, որը բացված է լինելու մինչև նոյեմբերի 15-ը, կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններն և Մոսկվայի կառավարության աջակցությամբ: Որպես հայկական ապրանքատեսակների տոնավաճառի համակարգող է հանդես եկել Մոսկվայի երիտասարդ ձեռներեցների «Բերդ» ասոցիացիան:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում դեսպան Եսայանն ընդգծել է հայկական տարաբնույթ ապրանքատեսակների ռուսաստանյան շուկայում առավել լայն ներկայացման կարևորությունը՝ ավելացնելով, որ ինչպես հայկական վերամշակող ընկերությունների արտադրությունն, այնպես էլ Հայաստանից ներկրված գյուղմթերքը շարունակում են վայելել մոսկվաբնակների հավանությունը և ապրանքատեսակի որակի հանդեպ վստահությունը: Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ա.Նեմերյուկն էլ շեշտել է հայկական ապրանքատեսակների
բարձր մրցունակությունն ու մոսկովյան շուկայում դրանց մեծ պահանջարկի առկայությունը:Հայկական ապրանքատեսակների տոնավաճառի բացումն ուղեկցվել է հայ ազգային երգ-երաժշտության համերգային կատարումներով:

Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվել են նաև ազգային ավանդական արհեստների նմուշների ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև հայկական ավանդական արհեստների վարպետության դասընթացներ: Հայկական տոնավաճառին ներկայացված է հայկական ապրանքատեսակների 36 տաղավար, որոնցում տեղ են գտել հայաստանյան ավելի քան երկու տասնյակ ընկերությունների արտադրանքները: Ներկայացված ընկերությունների ցանկում են` «Արտ ֆուդ», «Արցախ ֆուդ», «Կիլիկիա», «Թամարա ֆրուտ», «Նոյան», «Սավա», «Ֆրուտ լենդ», «Կերակուր», «Շամբ», «Արկոլադ», «Գրանդ Քենդի», «Արմենիում» ընկերությունները և Իջևանի պահածոների գործարանը: Հայաստանյան «Սպայկա» ընկերությունն ապահովել է թարմ մրգերի և բանջարեղենի տեսականու առաքումը Մոսկվա: Նախատեսվում է նաև տոնավաճառի շրջանակներում ներկայացնել հայկական ձկնեղենն ու ձկնային արտադրանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button