Անդերեսենի կրծքերը, Լոպեսի հետույքը, Ջոլիի շուրթերը պահանջված են նաեւ Հայաստանում


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Պլաստիկ վիրաբուժությունը միայն էսթետիկ և գեղեցիկ տեսք ապահովելը չէ, այն բուժում է նաև բնածին շատ արատներ և տարբեր հիվանդություններից առաջացած հետևանքներ: Հայաստանում այսօր շարունակում է ամենապահանջվածը մնալ քթի վիրահատությունը: Քիչ չեն նաև կրծքագեղձի, շուրթերի և մաշկի ձգման վիրահատությունները: Ներկայացնելով հայաստանյան պլաստիկ վիրաբուժության հաջողություններն ու ամենատարածված վիրահատությունները` Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ պլաստիկ վիրաբուժությամբ Հայաստանը ոչ միայն չի զիջում եվրոպական զարգացած երկրներին, այլև ոլորտում իր ասելիքն ունի նաև։
Համապատասխան բարեմասնություններով Պամելա Անդերսոնին, Ջենիֆեր Լոպեսին և Անժելինա Ջոլիին նմանվել ցանկացողներն ու հաճախ հոլիվուդյան աստղերի նկարները ձեռքերին պլաստիկ վիրաբույժներին դիմողները քիչ չեն նաև Հայաստանում: Այլ հարց է` արդյո՞ք վիրաբույժը համաձայնում է բավարարել այդ ցանկությունները, թե՞ ոչ:
Որքան էլ Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը կողմ է պլաստիկ վիրաբուժությանը, նա, այնուամենայնիվ, չի ընդունում այցելուի ծայրահեղ ցանկություններն ու փորձում նրան հետ պահել այդ որոշումից:
Իրականում, պլաստիկ վիրաբուժության ասպարեզում Հայաստանում այսօր էլ ամենամեծ պահանջարկն ունեն քթի վիրահատությունները: Օր օրի ավելանում է նաև կրծքագեղձի և շուրթերի մեծացման համար դիմողների թիվը: «Դիմում են մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ- որ բան ուղղել, շտկել: Լինում են նաև աբսուրդ դիմումներ: Այդ դեպքում փորձում ենք բացատրել, համոզել, որ գեղեցկությունը համաչափության, ներդաշնակության մեջ է: Չի կարելի համացանցից մի նկար բերել և ասել, սա եմ ուզում: Օրեցօր ավելանում են և կրծքագեղձերի էսթետիկ վիրակատությունները, լիպոսակցիաները»:
Մասնագետը, ի դեպ, հաջողված է համարում ոչ թե այն պլաստիկ վիրահատությունը, որը չի նկատվում կամ երևում է, թե ինչն է վիրահատվել, այլ այն վիրահատությունը, որից հետո նայում են անձի դեմքին, զգում են, որ մի բան փոխվել է, բայց այդպես էլ չեն հասկանում, թե ինչը:
Այս բոլոր վիրահատություններն իհարկե ունեն նաև իրենց գինը, որը ոչ բոլորի գրպանին է հասու: «Գները շատ տաբեր են՝ նայած կլինիկա, նայած վիրահատություն: Քթինը`միջինը 400.000-450.000 դրամի սահմաններում: Ականջներինը`տեղային անզգայացմամբ 180.000-200.000-ի սահմաններում: Կրծքագեղձի վրա կատարվում է 3 տարբեր վիրահատություն: Ծավալի ավելացում, իմպլանտների և սեփական ճարպի միջոցով, ծավալի պակասացում, ձգում: Ավելացման առումով գները առաջին հերթին կախված են իմպլանտների գներից: Այստեղ բերվում են բավականին որակյալ իմպլանտներ, մոտավորապես զույգն արժե 1000 եվրոյի սահմաններում, դրան գումարած վիրահատության արժեքը»։
Լինելով բավականին պահանջված, պլաստիկ վիրաբուժությունը այցելուների պակաս չի ունենում և կարևոր չէ, թե հիմնականում մարմնի որ հատվածի համար են դիմում պլաստիկ վիրաբույժի։ Տարեկան վիրահատությունների թիվը միայն Երևանում անցնում է 10.000-ը: