Հասարակություն

«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն». Բաքվի կոտորածները՝ ականատեսի աչքերով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն». այսպես է կոչվում ամերիկահայ գրող Աննա Աստվածատրյան- Տուրկոտի գիրքը: Այն անդրադառնում է նախորդ դարի 80-ականների վերջին — 90-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին: Լինելով այդ իրադարձությունների ականատեսը՝ հեղինակը գրի է առել իր վերապրածը և ներկայացրել է որպես փախստականի կյանքի պատմություն։

Աննան դեռ 4-րդ դասարանում էր սովորում, երբ տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը: Ազդված այդ ոճրագործությունից, աղջիկը սկսեց վարել օրագիր, որտեղ նկարագրում էր իր ծննդավայր Բաքվում ահագնացող հակահայկական տրամադրությունները և զարգացումները։ «Ես սկսեցի գրել իմ օրագիրը 10 տարեկան հասակում և վարեցի այն իմ ողջ մանկության ընթացքում: Երբ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ՝ մտածեցի, որ այն ամենը, ինչ կատարվեց մեզ հետ, պետք է թարգմանեմ անգլերեն, որպեսզի դրա մասին իմանան իմ ապագա զավակները: Բացի դրանից՝ ընթացքում ես կատարելագործեցի անգլերենս։ Արդյունքում՝ ստացվեց գիրք»։

Այն հրատարակվեց միայն 20 տարի անց՝ 2012 թվականին և ստացավ մեծ արձագանք։ Ինչպես հիշում է Աննան, 1989-ի 18-ին սեպտեմբերին լքելով Բաքուն, Աննայի ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Իսկ մի քանի ամիս անց տեղի ունեցավ ցեղասպանությունը։ «Մայրիկիս ազգանունը Ադամյան է և նա այդ ջարդերի ցուցակներում առաջիններից էր: Երբ եկան սպանելու՝ մենք արդեն Հայաստանում էինք: Հետո իմացանք, որ մեր բարեկամներին ծեծել էին, իսկ հարևաններին՝ սպանել»։

Գիրքը առիթ դարձավ, որ Աննան իր ջանքերն ուղղի Արցախի անկախության ճանաչմանը, ինչը հաջողվեց անել Մեյն նահանգում, որտեղ այսօր նա բնակվում է իր ամուսնու և զավակների հետ: Չնայած ադրբեջանցի դիվանագետների հակազդմանը՝ նահանգի Ներկայացուցիչների պալատը ընդունեց հայանպաստ բանաձևը: Հետագայում ևս հեղինակը մտադիր է շարունակել իր գործունեությունը նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ: Մոտակա ապագայում նա ծրագրում է թարգմանել գիրքը ռուսերեն և հայերեն: Մինչ այդ՝ արդեն գրվում է երկրորդ գիրքը Բաքվի դեպքերի և Արցախի մասին։

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին, նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Աննայի հայանպաստ գործունեությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button