Քաղաքական

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Հայաստանին որեւէ դրական արդյունք չտվեց. քաղաքագետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների մեջ, Հայաստանը կարողացավ ապացուցել, որ ունի ազգային շահ եւ դա պահվում է: Այս կարծիքն է այսօր հայտնել քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Թեմային անդրադառնալով` քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այն տեսակետն է հայտնել, որ գագաթաժողովը Հայաստանին որեւէ բան չի տվել եւ այն ակնկալիքները, որ կային ԼՂ մասով` չեն արդարացել. Շեշտադրումները չեն փոխվել:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` ՆԱՏՕ-ին ամենաշատը հետաքրքրում էր Ուկրաինան եւ հյուսիսային Իրաքը եւ այդ գագաթաժողովը Հայաստանին որեւէ դրական արդյունք չտվեց: «Այսինքն, այն ակնկալիքները, որ այս գագաթաժողովում ԼՂ-ի հետ կապված շեշտադրումները գոնե պետք է փոխվեին, ցավոք, այդպիսի բան չեղավ»:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ` ՆԱՏՕ-ի ընդունած փաստաթղթում տարածքային ամբողջականությունը դարձել է դոգմա եւ ստացվում է, որ արեւմուտքն այսօր հետադիմել է, իսկ ՆԱՏՕ-ն վերածվել տարածքային ամբողջականություն պաշտպանող կառույցի: Երվանդ Բոզոյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ին հետաքրքիր էին պրոբլեմներն այնքանով, որքանով այդ խնդիրների հարաբերակցությունը Ռուսաստանի հետ: Հենց այդ պատճառով էլ ունենք մեզ համար ոչ այնքան ցանկալի բանաձեւ:

Որոշ գնահատականներով` ՆԱՏՕ-ի փաստաթուղթը նույնպես բալանսավորված է: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի բնութագրմամբ, սակայն, եթե այն բալանսավորված է, ապա չափավոր է բալանսավորված:  «Տարածքային ամբողջականության կողքին պիտի ասվի` ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք: «Ժողովուրդների իրավահավասարությունը հանվում է եւ «ինքնորոշումը» կցկտուր տեղավորվում է երկրորդ կամ երրորդ պարբերությամբ: Իհարկե, սա ձեռնտու չէ, բայց, երեւի, նախկին ժամանակի համար շատ էլ առաջընթաց չէ»:

Քաղաքագետը հետաքրքիր մի միտում նկատեց` արժեքային առումով Արեւմուտքը նահանջում է եւ դառնում տարածքային ամբողջականության պաշտպան, մինչդեռ Ռուսաստանը ճիշտ հակառակը` ազգային ինքնորոշման իրավունքն է պաշտպանում:

Արեւմուտքի վերաբերմունքը, վերլուծաբանի դիտարկմամբ, խրախուսում է Ադրբեջանին, ինչի արդյունքը տեսանք հունիս-օգոստոսին: Այս առումով Լեւոն Շիրինյանը տեսնում է նաեւ հայկական քարոզչության թերացում` շարունակ պիտի հիշեցնել պատմական իրողությունները: Դա օգուտ կարող է չտալ, սակայն վնաս էլ չի տա` նշեց բանախոսը: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նկատեց, որ ամեն դեպքում ՆԱՏՕ-ի փաստաթղթում ամրագրվել է ինքնորոշման իրավունքը եւ քանի որ երկու սկզբունքները միաժամանակ հնարավոր չէ կիրառել. «Սա մեզ թույլ է տալիս ստատուս-քվոն պահպանել եւ առաջ մղվել դեպի ապագա»:
Ինչպես Լեւոն Շիրինյանը, Երվանդ Բոզոյանն էլ կարծիք հայտնեց, որ հայկական քարոզչությունը խնդիր ունի. նման բանաձեւերը որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ խնդրի լուծման առումով, սակայն, միջազգային կառույցներում նոր մթնոլորտ ձեւավորելու հարցում կարեւոր են, որն, ի վերջո, կարող է ազդել Մինսկի խմբի աշխատանքի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button